Ավագ սերժանտ, պայմանագրային զինծառայող
Վաչագան Վալերայի Դադալյանը ծնվել է 1998 թվականի հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում։
Վաչագանի հայրը՝ Վալերա Վաչագանի Դադալյանը (15.04.1969–18.08.2003 թթ.), մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին և պատերազմի հետևանքով ունեցել է երկրորդ կարգի հաշմանդամություն։ Նա աշխատում էր «Արցախէներգո» ՓԲԸ-ում և 2003 թվականին մահացել է ողբերգական դժբախտ պատահարի՝ էլեկտրահարման հետևանքով։
Մայրը՝ Նադեժդա Վաչագանի Արզումանյանը, ծնվել է 1972 թվականի մայիսի 19-ին և աշխատել է որպես առաջատար հաշվապահ։
Վաչագանի քույրը՝ Իրինա Վալերայի Դադալյանը (24.03.2000–15.05.2014 թթ.), մահացել է մանկական ուղեղային կաթվածի հետևանքով։
Փոքր տարիքից Վաչագանը ստիպված էր դիմակայել ծանր կորուստների։ Կորցնելով հորը՝ նա մնաց մոր խնամքին և վաղ տարիքից ստանձնեց ընտանիքի տղամարդու ու գլխավորի պատասխանատվությունը։ Չնայած կյանքի բազմաթիվ դժվարություններին՝ նա մեծացավ հայրենասեր, ազգին ու հայրենիքին նվիրված, ուժեղ կամքի տեր երիտասարդ։
2004-2012 թվականներին սովորել է ԱՀ Մարտունու Մեսրոպ Մաշտոցի անվան հիմնական դպրոցում, ապա՝ 2012-2015 թվականներին, Մարտունու Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 1 միջնակարգ հոսքային դպրոցում՝ բնագիտական հոսքում։
Դպրոցական տարիներին Վաչագանը զբաղվել է սպորտով, մասնավորապես՝ ազատ ոճի ըմբշամարտով։ Պատանիների ազատ ոճի ըմբշամարտի անհատական առաջնություններում իր քաշային կարգում բազմիցս գրավել է առաջին տեղը՝ արժանանալով պատվոգրերի և մեդալների։
2015 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունվել է Արցախի պետական համալսարանի Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը։
2016 թվականի հուլիսի 4-ից մինչև 2018 թվականի հուլիսի 14-ը ծառայել է Արցախի Պաշտպանության բանակի 3-րդ պաշտպանական շրջանի զենիթահրթիռային մարտկոցում։ 2017 թվականին նշանակվել է ջոկի հրամանատար։
Զինծառայության ընթացքում Վաչագանը ցուցաբերել է բարձր մարտական պատրաստվածություն և մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակ։ Ծառայության ընթացքում արժանացել է պատվոգրերի և մեդալների։
2018 թվականի սեպտեմբերի 1-ին որոշել է շարունակել ուսումն Արցախի պետական համալսարանում։ 2018 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի նոյեմբերի 10-ը ծառայել է Ստեփանակերտի ոստիկանության ՊՊԾ գումարտակում։
Վաչագանը մասնակցել է ինչպես 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմին, այնպես էլ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմին։ Պատերազմի ամենաթեժ օրերին և ամենավտանգավոր ուղղություններում նա կատարել է իր առջև դրված մարտական առաջադրանքները՝ մասնակցելով Ջաբրայիլի, Հադրութի և Շուշիի մարտական գործողություններին։
Նրա մարտական ընկեր Վիլեն Արզանգուլյանի վկայությամբ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութում Վաչագանը և իր զինակից ընկերները, մեծ վնասներ հասցնելով հակառակորդին, կարողացել են դուրս գալ շրջափակումից՝ իրենց հետ մարտի դաշտից դուրս բերելով վիրավոր և զոհված ընկերներին։
2021 թվականին Վաչագանն ավարտել է Արցախի պետական համալսարանի Ինֆորմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով ՏՏ մասնագիտությամբ բակալավրի աստիճան։ Նույն թվականին ընդունվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան, որն ավարտել է 2023 թվականին՝ ստանալով մագիստրոսի աստիճան։
2021 թվականին Վաչագանը անցել է պայմանագրային զինվորական ծառայության։ 2023 թվականից նշանակվել էր դասակի հրամանատար։ Նա, սակայն, չհասցրեց արժանանալ սպայի կոչման։
Որպես հրամանատար՝ Վաչագանը պահանջկոտ էր, պահպանել է կանոնադրական կարգ ու կանոն և իր օրինակով առաջնորդել զինակիցներին։
Նրան ճանաչողները Վաչագանին նկարագրում էին որպես անչափ ընկերասեր, նվիրված, մեծահոգի, հավասարակշռված, կիրթ, համարձակ և ակտիվ երիտասարդ։ Նա այն մարդկանցից էր, ում վրա կարելի էր վստահել ամենադժվար պահին։
Վաչագանը տան միակ զավակն էր։ Փոքր տարիքից կորցնելով հորը՝ նա մոր համար դարձավ ոչ միայն որդի, այլև ընտանիքի հենարանն ու թիկունքը։ Նա պատվով և մեծ պատասխանատվությամբ էր կատարում իր պարտականությունները՝ երբեք չկոտրվելով դժվարությունների առաջ։
Վաչագանը նշանված էր և պատրաստվում էր ամուսնանալ։ Նա և իր սիրելին ունեին գեղեցիկ ու անկեղծ սիրո պատմություն։ Նրանք միասին ծրագրում էին իրենց ապագան, երազում ընտանիք կազմելու և իրենց երջանիկ կյանքը կերտելու մասին։ Սակայն այդ գեղեցիկ պատմությունը կիսատ մնաց։
Պատերազմը մեկ ակնթարթում խլեց նրա կյանքն ու ընտանիքի բոլոր երազանքները։
Վաչագանի մայրն ասում է.
«Պատերազմը ինձնից խլեց ամենաթանկիս։ Ախր նա իմ տան արևն էր, իմ հույսն ու հավատը, տան միակ ճրագը, իմ թևն ու թիկունքը, ապրելու իմաստը։ Առանց որդուս լուսաբաց չկա։ Ինչո՞ւ կիսատ թողեցիր որդուս գեղեցիկ սիրո պատմությունն ու բազում նվիրական երազանքները՝ փոխարենը ինձ տալով ցավ, տառապանք, սև գույն և հավերժ կարոտ…»
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ Վաչագան Դադալյանը զոհվել է Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղի՝ «Լուսնյակ» կոչվող տեղանքում՝ փրկելով իր ընկերների կյանքը։
Նա իր վերջին մարտում ևս մնաց այնպիսին, ինչպիսին ապրել էր՝ համարձակ, անձնուրաց և ընկերներին նվիրված։
Առաջ գնալու նրա տենչը տարավ նրան դեպի անմահություն՝ իր մոր սրտում թողնելով անդառնալի ցավ ու հավերժական կարոտ։
Վաչագանը անմահացավ հանուն հարազատների, հանուն ընկերների, հանուն հայրենի հողի, հանուն Արցախի և Հայաստանի։
Արցախի Հանրապետության նախագահի 2024 թվականի փետրվարի 13-ի ՆՀ-52-Ա և 2025 թվականի մայիսի 20-ի ՆՀ-7-Ա հրամանագրերով՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած ակնառու խիզախության և արիության համար Արցախի Հանրապետության բանակի N 35383 զորամասի զինծառայող, ավագ սերժանտ Վաչագան Վալերայի Դադալյանը հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով» և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
Վաչագան Վալերայի Դադալյանը հուղարկավորված է Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի գերեզմանատանը։
Այսօր նրա ընտանիքը կանգնած է ևս մեկ ծանր ու ցավոտ խնդրի առջև։ Վաչագանի աճյունի հետ կապված հարցը լուծելու և անհրաժեշտ արտաշիրիմումն իրականացնելու նպատակով դիմել ենք Կարմիր խաչին, ՀՀ և Արցախի կառավարություններին՝ խնդրելով աջակցել անհրաժեշտ գործընթացի կազմակերպմանը և Վաչագանի աճյունի տեղափոխման ու վերահուղարկավորման հարցում։
Հերոսների սխրանքը չի ավարտվում նրանց կյանքի ավարտով։ Նրանք շարունակում են ապրել իրենց հարազատների հիշողության, իրենց ընկերների պատմությունների և հայրենիքի համար կատարած անձնուրաց գործի մեջ։
Յուրաքանչյուրիս պարտքն է վառ պահել Վաչագան Դադալյանի և հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հազարավոր հերոսների հիշատակը։
Հավերժ փառք և խոնարհում Վաչագան Դադալյանի անմահ հիշատակին։
Քո սխրանքը չի մոռացվելու։ Քո անունը շարունակելու է ապրել։