YouTube-ը կարող է սահմանափակել Netflix-ի հետ համագործակցող բլոգերների եկամուտները

YouTube-ը սկսել է սահմանափակումներ կիրառել այն բլոգերների նկատմամբ, որոնք միաժամանակ համագործակցում են Netflix-ի հետ։ Խոսքը մարքեթինգային արշավներին, միջոցառումներին մասնակցելու հնարավորության, ինչպես նաև խոշոր գովազդային ինտեգրումներից ստացվող եկամուտների մի մասի հասանելիության մասին է։ Պատճառը տեսաշուկայի երկու հսկաների միջև մրցակցության կտրուկ սրացումն է, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ YouTube-ը հեղինակներին նախազգուշացրել է, որ Netflix-ի հետ համագործակցությունը կարող է հետևանքներ ունենալ։ Սթրիմինգային ծառայությունն իր հերթին արդեն պայմանագրեր է կնքել տասնյակ հայտնի յութուբերների հետ՝ թույլ տալով նրանց տեսանյութերը հրապարակել իր հարթակում YouTube-ի հետ միաժամանակ։

Միաժամանակ YouTube-ը պատրաստ է բովանդակություն ստեղծողներին միլիոնավոր դոլարներ վճարել՝ պայմանավորված ժամանակահատվածում տեսանյութերը բացառապես իր հարթակում տեղադրելու համար։ Այս մասին Bloomberg-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

Netflix-ը և YouTube-ը շուրջ 20 տարի շարունակում են մնալ տեսասթրիմինգի առաջատարներից։ Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում երկու ծառայությունների միջև լարվածությունն աճել է․ Netflix-ը զգալիորեն ակտիվացրել է պայքարը YouTube-ի ամենահայտնի բլոգերների համար։

YouTube-ը տեսահոսթինգ է, որտեղ օգտատերերը կարող են վերբեռնել, դիտել և մեկնաբանել տեսանյութեր։ Netflix-ը հիմնադրվել է 1997 թվականին, իսկ ընկերության կենտրոնակայանը գտնվում է Կալիֆորնիայի Լոս Գատոս քաղաքում։ 2013 թվականից ծառայությունը նաև արտադրում է սեփական ֆիլմեր, սերիալներ և հեռուստածրագրեր։

Leave a comment