Քաղաքականություն
20.08.2026 | 18:00
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածուներին իշխող մեծամասնության կողմից մերժելը սպասելի էր, և ընդդիմադիր խմբակցությունն ունի գործողությունների հստակ պլան։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորի խոսքով՝ խմբակցությունն արդեն առաջադրել է Լիանա Մանուկյանի թեկնածությունը, ով ֆինանսական ոլորտում ղեկավար պաշտոնների զբաղեցման հարուստ փորձ ունի։
«Ինչ վերաբերում է մեր թեկնածուներին չընտրելուն՝ չեմ կարող ասել, որ անսպասելի որոշում էր։ Ունենք նոր թեկնածու՝ տիկին Լիանա Մանուկյանը, և մանրամասն ներկայացնելու ենք նրա անցած ճանապարհն ու մեր տեսլականը»,- նշեց Աբրահամյանը։
Հարցին, թե որոշվա՞ծ են արդյոք մյուս երկու հանձնաժողովների նախագահների նոր թեկնածուները, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Դեռևս քննարկումներ են ընթանում։ Որոշ թեկնածուներ այո՛, ունենք, բայց այս փուլում չենք ցանկանում հայտնել անունները, քանի որ դրանք դեռ պետք է քննարկվեն խմբակցության նիստում։ Մենք հաշվի ենք առնում խմբակցության բոլոր անդամների կարծիքները»։
Աբրահամյանը կոչ արեց իշխող ուժին՝ թեկնածուներին գնահատել բացառապես նրանց մասնագիտական գիտելիքներով ու վաստակով, այլ ոչ թե քաղաքական այլ չափանիշներով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան