ՀՀ-ում կփոխհատուցվի թզի և դեղձի մթերումը. Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է ծրագրի մանրամասները

Սա թույլ կտա լուծել հիմնական խնդիրներից մեկը,  հայտարարել է Պապոյանը


ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում թզի և դեղձի մթերումների համար փոխհատուցում կտրամադրվի, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։


«Եթե նախկին որոշումներով մենք աջակցություն էինք ցուցաբերում անմիջապես պտուղ-բանջարեղենի արտահանմանը, ապա այս դեպքում նախատեսում ենք աջակցել մթերման գործընթացին՝ հետագա վերամշակման համար։ Սա թույլ կտա լուծել հիմնական խնդիրներից մեկը։ Մասնավորապես, խոսքը թզի և դեղձի մասին է։ Մենք օպերատիվորեն հետևում ենք իրավիճակին, կապի մեջ ենք ֆերմերների հետ և այնտեղ, որտեղ խնդիրներ են արձանագրվում, անհապաղ արձագանքում ենք», – նշել է Պապոյանը հինգշաբթի կայացած Կառավարության նիստում։


Նրա խոսքով՝ մասնավորապես Սյունիքի մարզում արձանագրվել է թզի և դեղձի առատ բերք։ Աջակցության կարիք կա, ընդ որում՝ արտահանման սուբսիդավորումը պահպանվում է, այն շարունակվում է։


Նախարարը հայտնել է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է ավելացնել նոր բաղադրիչ. մթերման դեպքում յուրաքանչյուր 1 կգ թզի և դեղձի համար կտրամադրվի 125 դրամի չափով փոխհատուցում։


«Այսպիսով, նախատեսվում է առնվազն երկու խնդիր լուծել՝ ապահովել տնտեսվարող սուբյեկտների բերքի մթերումն ու իրացումը և նպաստել վերամշակող արդյունաբերության զարգացմանը», – ասել է Պապոյանը։


Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ ծրագրի շրջանակում մինչև սեպտեմբերի 1-ը կմթերվի շուրջ 3 հազար տոննա դեղձ և 400 տոննա թուզ։


«Մթերման և վերամշակման գործընթացի մշտադիտարկումը կիրականացվի մարզպետարանների աշխատակազմերի կողմից՝ վերամշակման նպատակով փաստացի ընդունված ծավալների վերաբերյալ տվյալների հավաստիությունն ապահովելու նպատակով», – նշել է Պապոյանը։


 

Leave a comment