Քաղաքականություն
20.08.2026 | 12:19
ԱՄՆ զինված ուժերը Հորմուզի նեղուցում գաղտնի նավագնացության միջանցք է ստեղծել, որի միջոցով ամեն օր միլիոնավոր բարել նավթ է տեղափոխվում։ Այս մասին գրում է Axios-ը՝ վկայակոչելով ամերիկացի երկու պաշտոնյաների։
Միջանցքը գործում է արդեն մի քանի շաբաթ, որի շնորհիվ ամեն գիշեր 15-20 լցանավ է մտնում և դուրս գալիս նեղուցից Օմանի ափերի երկայնքով ձգվող հարավային երթուղով, ասվում է հրապարակման մեջ։
Աղբյուրների համաձայն՝ օրական մոտավորապես 10 միլիոն բարել նավթ է տեղափոխվում միջանցքով՝ ԱՄՆ-Իրան պատերազմից առաջվա ծավալի շուրջ կեսը։
«Մենք արդեն երկու ամիս է՝ վերահսկում ենք Հորմուզի նեղուցի հարավային մասը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կարող է խոչընդոտ լինել, բայց նրանք չեն վերահսկում նեղուցը»,- ասել է Axios-ի աղբյուրներից մեկը։
Պարբերականի տեղեկություններով՝ Հորմուզի նեղուցում գործողությունը վերահսկող օպերատիվ խումբը գտնվում է Հյուսիսային Կարոլինայում։ Այն իր գործողությունները համակարգում է Պարսից ծոցում ԱՄՆ տարածաշրջանային գործընկերների հետ։ Ամեն օր կազմվում է Հորմուզի նեղուցով Պարսից ծոցից դուրս եկող նավերի ցուցակը, ինչպես նաև Արաբական ծովից նեղուցով դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ մեկնող դատարկ լցանավերի ցանկը՝ նավթը տեղափոխելու համար։ Նավերը որոշակի ժամանակահատվածում շարժվում են մեկ հերթով՝ ԱՄՆ կործանիչների պաշտպանության ներքո։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Մերձավոր Արևելքի երկրներից նավթ արտահանողները գաղտնի բեռնափոխադրումներ են իրականացրել Հորմուզի նեղուցով։ Նավթը Հորմուզի նեղուցով տեղափոխվում է անջատված տրանսպոնդերներով նավերով, ապա տեղափոխվում Օմանի ծոցում գտնվող լցանավեր՝ հետագա տեղափոխման համար։ Գործակալությունը նշել է, որ նման բեռնափոխադրումները նաև օգնում են պահպանել նավթի համաշխարհային գները մեկ բարելի համար 80-90 դոլարի սահմաններում։
Մինչև Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի մեկնարկը՝ աշխարհի նավթի տարանցման մինչև 20%-ն անցնում էր Հորմուզի նեղուցով։