ՔՊ-ականի՝ «Գյումրին անտեր քաղաք է» բնութագիրը վրդովեցրեց Վարդան Ղուկասյանի փեսային

Գյումրու ավագանու այսօրվա նիստում թեթևակի լեզվակռիվ տեղի ունեցավ նաև ավագանու ՔՊ խմբակցության անդամ Էմմա Բարսեղյանի ու Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանի միջև։ ՔՊ-ականները բարձրաձայնում էին քաղաքի հիմնախնդիրները, քննադատում քաղաքային իշխանությանը՝ փողոցներից ձյունը նորմալ չմաքրելու, կոտրվածքների պատճառ դառնալու, փոսալցումներ չկատարելու համար։

Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը, էլ հակադարձում էր, տալիս նրանց պատասխանները։

ՔՊ-ական անդամ Էմմա Բարսեղյանը նշեց, որ թեև տեսել են կոմունալ բաժնի աշխատակիցների աշխատանքը, շնորհակալ են նրանց, տեղումները այնքան առատ էին, որ հնարավոր չէր քաղաքն ամբողջովին մաքրել, այդուհանդերձ գյումրեցիները դժգոհում են, թե այս երեք ամիսների ընթացքում մնացին միայնակ։ Ըստ ավագանու անդամի, համացանցում տարբեր տեսահոլովակներ են պտտվում, որտեղ նշում են՝ Գյումրին անտեր քաղաք է։

Էմմա Բարսեղյանը Ավետիս Առաքելյանին խնդրեց հաշվետվություն ներկայացնել, թե Գյումրին ձմռան ամիսներին մաքրելու ի՞նչ աշխատանքային պլան է ունեցել, ի՞նչ աշխատանքներ են կատարվել, ովքե՞ր են կոնկրետ պատասխանատուները։

«Գյումրին անտեր քաղաք է» արտահայտությունն դուր չեկավ Ավետիս Առաքելյանին։ Նա հակադարձեց․ «Գյումրին անտեր քաղաք չէ, Գյումրին շատ հզոր տեր ունի՝ հանձինս նստած ավագանիների ու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, նաև ձեզնով, դուք էլ տեր, եթե անտեր են ասում, ձեզ էլ են վիրավորում, չի կարելի»։

Ավետիս Առաքելյանը նշեց, որ 40 տոննա աղը, որը նախատեսված էր երեք ամիսների ընթացքում, արդեն սպառվել է։ Նա նշեց, որ գիշեր-ցերեկ աշխատանքներ են տարել, անգամ գիշերը 2-3-ին։

Էմմա Բարսեղյանը շարունակեց՝ ասելով, որ գյումրեցիների խոսքն է մեջբերում, թե «անտեր ենք, ընկնում, կոտրվածքներ ենք ստանում, ջափոսերից չենք պրծնում»։

«Կոմունիստական կուսակցության» քարտուղար Լուսինե Անանյանը տեղից բացականչեց՝ «զգույշ քայլեք», որին ավագանու ՔՊ-ական անդամը բավական կոշտ հակադարձեց․ «Հարգելիս, քաղաքացուն նման պատասխանը ճի՞շտ է, զգույշ քայլիր, մի կոտրվիր»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment