Իսրայելը Թրամփի վարչակազմին բացատրել է Սիրիայի հյուսիսում գտնվող Աբու ալ-Դուհիրի ավիաբազայի վրա հարվածը որպես տարածքում թուրքական ռազմական ներկայության ուժեղացումը կանխելու ցանկություն, հայտնել է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաների։
Հրապարակման համաձայն` հարվածը վնասել է թռիչքուղիներ և մի քանի անգարներ։ Զոհեր չկան։
Իսրայելը նշել է, որ Դամասկոսը մոտ է եղել համաձայնագրի խախտմանը՝ թույլ տալով թուրքական ուժերին տեղակայվել Հալեպի մոտ ավիաբազայում։ Անկարան հերքել է դա և պնդել, որ օբյեկտում թուրք զինվորներ չեն եղել։
Axios-ի տվյալներով՝ Իսրայելի գործողությունները նյարդայնացրել են Թրամփի վարչակազմին։ Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Թոմ Բարաքը հարվածը անվանել է «անտեղի սրացում», որը չի նպաստում տարածաշրջանում կայունությանը։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Դամասկոսը ձգտել է անվտանգության համաձայնագրի կնքման ԱՄՆ-ի և Իսրայելի հետ։ Մասնավորապես, քննարկվել են Հորդանանում համատեղ համակարգման կենտրոնի ստեղծումը և ռազմական գործունեության սահմանափակումը։ Սակայն, ըստ Axios-ի, Իսրայելը հրաժարվել է կենտրոնի ստեղծումից և շարունակել է ռազմական գործողությունները Սիրիայի հարավում։
ԱՄՆ մի պաշտոնյա հրատարակությանը հայտնել է, որ այս ֆոնին Դամասկոսի դիրքորոշումը սկսել է փոխվել. սիրիական իշխանությունները եզրակացրել են, որ անհրաժեշտ է պաշտպանվել Իսրայելի գործողություններից։ Որոշ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաներ ասել են, որ Իսրայելի կողմից Աբու ալ-Դուհիրին հարվածելու որոշումը կարող էր մասամբ կապված լինել երկրի առաջիկա ընտրությունների հետ։