Քննադատության ձև չէ, այլ քաղաքական խոսույթի դեգրադացիա.Հայկական PR ասոցիացիայի նախագահ
«Ընդդիմախոսին «մանկապարտեզի սան», «փոքրիկ ծաղրածու», «անգրագետ» անվանելը, անձնական վիրավորանքներով և նվաստացուցիչ ձևակերպումներով հանդես գալը քաղաքական դիրքորոշման կամ քննադատության ձև չէ, այլ քաղաքական խոսույթի դեգրադացիա», – ասում է Հայկական PR ասոցիացիայի նախագահ, մեդիայի և ռազմավարական հաղորդակցության փորձագետ Աստղիկ Ավետիսյանը։
PR-ի և հանրային հաղորդակցության տեսանկյունից ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը գնահատելով՝ նա նշում է, որ նման հրապարակումը քաղաքական բանավեճի ընդունելի սահմաններից դուրս է։
Նրա խոսքով՝ քաղաքական գործիչը, առավել ևս՝ բարձր պետական պաշտոն զբաղեցնող անձը, հանրային խոսքում ունի ոչ միայն քաղաքական, այլև ինստիտուցիոնալ պատասխանատվություն։
«Քաղաքական գործիչը կարող է շատ կոշտ քննադատել ընդդիմությանը, հերքել նրա հայտարարությունները, ներկայացնել փաստեր և նույնիսկ քաղաքականապես շատ սուր հակադրության մեջ մտնել։ Բայց դա պետք է արվի փաստարկով, ոչ թե վիրավորանքով», – նշում է Ավետիսյանը։
Նրա գնահատմամբ՝ պաշտոնյայի խոսքը չի ընկալվում միայն որպես անհատական կարծիք, քանի որ այն ազդում է նաև տվյալ պաշտոնի և պետական ինստիտուտի ընկալման վրա։
«Երբ քաղաքական գործիչը հրաժարվում է փաստերից և անցնում անձնական վիրավորանքների, նա, ըստ էության, իջեցնում է բանավեճի մակարդակը՝ ոչ միայն իր ընդդիմախոսի, այլև սեփական պաշտոնի ու քաղաքական ինստիտուտի հաշվին», – ասում է փորձագետը։
Ավետիսյանը հատկապես ընդգծում է, որ անվտանգության ոլորտը ներկայացնող պաշտոնյայի դեպքում հանրային խոսքի նկատմամբ պատասխանատվությունն առավել մեծ է՝ պետական խոսքի, քաղաքական մշակույթի և ինստիտուցիոնալ արժանապատվության պահպանման տեսանկյունից։
Հիշեցնենք, որ ԱԽ նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքյան գրառումը էր արել` օգտագործելով վիրավորական ձևակերպումներ՝ ընդդիմադիր պատգամավորների հասցեին։