«Անկեղծ ասեմ՝ ինձ մոտ տպավորություն է, որ ձեր կողմից այս հանձնաժողովի ընտրությունը տրոլինգ է»,- ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Արեգա Հովսեփյանի թեկնածության առաջադրման հարցի քննարկման ժամանակ պատգամավորին ներկայացնող «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանին դիմելով՝ նշեց ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը։
Լենա Մաթևոսյանն արձագանքեց․ «Կառաջարկեմ որակումներ չտաք, մեզ համար էլ շատ զարմանալի էր, որ այդքան գոռում-գոչում եք եվրաինտեգրում, բայց ձեզ համար այդքան առաջնահերթ չէր, որ առաջինը դուք ընտրեիք այս հանձնաժողովը»։
Վահագն Ալեքսանյանը շարունակեց․ «Տրոլինգը որակում է, ինձ թվում է՝ վիրավորական չէ, ակցիային անվանում տալ է ընդամենը։ Թե ինչի մենք առաջինը չենք ընտրել, ես իմ ամենավատ երազում անգամ չէի տեսնի, որ ձեր խմբակցությունը նման տրոլինգի կգնա»։
Այս առիթով Լենա Մաթևոսյանն ասաց․ «Պարոն Ալեքսանյան, հորդորում եմ երազների հարցում զգույշ լինել, փաստորեն, Ձեր ամենավատ երազներն իրականացան»։
Այս թեմային անդրադարձավ նաև ԱԺ նախագահի տեղակալ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը․ «Հանձնաժողովների՝ առաջին և 2-րդ առաջադրումները ՔՊ խմբակցության կողմից կատարվեցին։
Դրանցից մեկը պետաիրավական հարցերի հանձնաժողովի ընտրությունն էր, որը, եթե դիտարկում ենք տրոլինգի տրամաբանությունը, հաշվի առնելով դատարանների վիճակը և կոնկրետ դատավորների առաջխաղացումները՝ կարելի է համարել, որ ՔՊ-ն տրոլինգ էր անում դատաիրավական համակարգը՝ պետաիրավական հանձնաժողովն ընտրելով։ ՔՊ-ն, որը սլանում է դեպի եվրաինտեգրում, 4-րդ և 5-րդ առաջադրումներն էլ ուներ, բայց չընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը։ Այնուհետև 7-րդ առաջադրումն էլ էր ՔՊ-ինը, կրկին Եվրաինտեգրման հանձնաժողովը չընտրվեց։ Շատ հետաքրքիր է, թե ինչի՞ց է ՔՊ-ի անհանգստությունը»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: