Փաշինյանը հետաքրքրվել է, թե մթնոլորտի արտանետումների կառավարման ոլորտի թվայնացմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ քննարկելու գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությունը և իրականացված աշխատանքները։

Զեկույցի ընթացքում նախարար Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ նախարարությունը 2025 թվականի 1-ին կիսամյակում ունեցել է 4 առաջնահերթ ուղղություն և իրականացրել է 15 միջոցառում՝ ապահովելով շուրջ 65% կատարողական։ 2-րդ կիսամյակում սահմանվել է 6 առաջնահերթ ուղղություն, իրականացվել է 12 միջոցառում, և ՇՄՆ գնահատմամբ ապահովվել է շուրջ 95% կատարողական։

Ընդհանուր առմամբ, 2025 թվականը բնութագրվել է որպես ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված օրենսդրական կարգավորումների և ընդունված որոշումների տարի, ինչպես նաև միջազգային հարթակում նախարարության դերի ուժեղացման և աննախադեպ ներգրավվածության փուլ։
Անդրադառնալով ոլորտի թույլտվական գործառույթների թվայնացմանը՝ նախարարը նշել է, որ թվայնացվել է 12 ծառայություն՝ ընդհանուր թիվը հասցնելով 24-ին։ Արդյունքում զգալիորեն կրճատվել է հանրությանը մատուցվող ծառայությունների վարչարարությունը։ Սեպտեմբերից ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացն ամբողջովին թվայնացվել է։ Միաժամանակ էլեկտրոնային եղանակով իրականացվում են սիրողական որսի և ձկնորսության հայտերի ընդունումը, ինչպես նաև պայմանագրերի կնքումը։

Թվայնացվել է նաև վտանգավոր թափոնների կառավարման ոլորտի 4 ծառայություն։ Նշվել է, որ 2026 թվականի հունվարից վտանգավոր թափոնների գործածության լիցենզիան և դրա համալիրները տրամադրվում են էլեկտրոնային կամ թղթային տարբերակով՝ դիմողի նախընտրությամբ, իսկ հուլիսից դրանք կտրամադրվեն բացառապես թվային ձևաչափով։ Ստեղծվել է ջերմոցային գազերի արտանետումների էլեկտրոնային շտեմարան։ 2026 թվականից մեկնարկելու է ոլորտում մատուցվող կարևորագույն ծառայություններից մեկի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության (ՇՄԱԳ) փորձաքննության թվայնացումը։

Վարչապետ Փաշինյանը անդրադարձել է վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում առկա խնդիրներին և նշել․ «Վտանգավոր թափոնների ոչնչացման պրոցեսը X կետում պետք է սկսվի և Y կետում արդյունավետ ավարտվի: Պետք է ունենանք պրոցեսի պլան: Դա որքան կտևի, չգիտեմ, բայց մենք պետք է համոզված լինենք: Ընդ որում՝ առաջնահերթություններն են պետք է գնահատել, որովհետև այդ թափոնների ոչնչացման ճանապարհին պետք է գնահատենք ըստ առաջնահերթության՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, որ համոզված լինենք, որ այս պահին մեր կողմից ծախսվող միջոցը մաքսիմալ թիրախային է: Եվ ամենակարևոր ու ամենավտանգավոր կամ ավելցուկային տեսակարար կշիռները պետք է գնահատել։ Մենք պետք է արձանագրենք, որ վտանգավոր թափոնների կառավարման և ջրերի, կեղտաջրերի մաքրման հետ կապված գործընթացը առանձնահատուկ ռազմավարական ուղղություն է, որտեղ մենք հետագայում էլ խնդիր պետք է դնենք»։

Վարչապետի խոսքով՝ X պահից որևէ օգտագործված ջուր առանց մաքրման չպետք է վերադառնա բնություն, այսինքն՝ պետք է բացառվի ընդհանրապես՝ դա կլինի կոյուղի, թե արտադրական ջուր: «Այսինքն՝ չպետք է լինի ջուր, որը բնությունից վերցվել է, օգտագործվել է և առանց մաքրման բաց է թողնվում բնություն»,– ասել է երկրի ղեկավարը։

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե մթնոլորտի արտանետումների կառավարման ոլորտի թվայնացմամբ։ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ արտանետումներն ավելի կառավարելի դարձնելու համար սահմանում են թույլատրելի թույլտվություններ, ընդհանուր սահմանները: «Այս պրոցեսը գործող պրոցես է եղել, ուղղակի մենք անցում ենք կատարել թվայինի»,– ասել է նա։

Երկրի ղեկավարը հարցրել է՝ արդյոք ունենք մոնիթորինգի համակարգ, որպեսզի տեսնենք՝ ի՞նչ է կատարվում։ «Եվ այս համատեքստում ո՞րն է մեր պլանը»։

Արձագանքելով՝ նախարարը նշել է․ «Այո: Գործողությունների ծրագիր ենք մշակել, բայց գործառույթները բաշխված են բոլոր գերատեսչությունների միջև: Այսինքն՝ նշված է, թե ինչ աշխատանք պետք է անենք, երկրորդը՝ կոնկրետ շինհրապարակների կամ հանքարդյունաբերության հետ կապված փոշի նստեցնող սարքերի պարտադիր պահանջը, վարչական պատասխանատվության խստացումը և ընդհանուր մոնիտորինգը։ Մենք նաև ուզում ենք ստեղծել մեխանիզմներ, հաշվել տարբեր բաղադրիչներ, հասկանալ, որոն ինչ ծավալի, ինչ տոկոսով է ազդում օդի որակի վրա, որ հենց այդ թիրախից սկսենք հարցը։ Ինչ-որ հատվածը, որ այդ պահին պետք է ազդարարենք, որ շինարարությունը պետք է այդ պահին դադարեցվի օրինակ մեկ շաբաթով, բայց դրա համար պետք է ունենանք մեխանիզմներ, որ հասկանանք իրենց կշիռն ընդհանուր առմամբ»։ Նախարարը շեշտել է, որ այժմ այդ մեխանիզմներն ստեղծելու ուղղությամբ աշխատում են և դա իրենց առաջնահերթություններից մեկն է։

Զեկուցվել է, որ 2025 թվականի ապրիլի 11-ից ամբողջությամբ գործարկվել է Էկոպարեկայի ծառայության Սյունիքի մարզային վարչությունը․ այն համալրվել է 182 նախատեսված հաստիքներից 131-ով՝ այսինքն՝ 72%-ով։ Մեկնարկել է Տավուշի մարզային վարչության թափուր հաստիքների համալրման գործընթացը․ հայտարարվել է 242 մրցույթ, որոնք դեռ ընթացքի մեջ են։ Վարչության շուրջօրյա ծառայությունը նախատեսվում է գործարկել 2026 թվականի ապրիլին։ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչությունների համալրումը նախատեսվում է մեկնարկել առաջիկայում։

Հաշվետու ժամանակահատվածում Էկոկարեկային ծառայության 7 մարզային վարչությունների կողմից հայտնաբերվել և արձանագրվել է բնապահպանական իրավախախտման 903 դեպք, որի մասով հաշվարկվել է բուսական և կենդանական աշխարհին պատճառված 429 մլն դրամ վնաս։

2026 թվականի 1-ին կիսամյակում նախատեսվում է ավարտին հասցնել Տավուշի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչությունների 24/7 ռեժիմով ծառայության գործարկումը։
Ջրային ռեսուրսների կառավարման համատեքստում նշվել է, որ Արարատյան արտեզյան ավազանում առկա է ջրի դեֆիցիտ։ Դրան արձագանքելու համար օրենքների փոփոխությամբ ավազանի վերականգնվող ջրի տարեկան ծավալը 1.1 մլրդ մ³-ից նվազեցվել է մինչև 926 մլն մ³, որը կբաշխվի ջրօգտագործողների միջև՝ ըստ առաջնահերթ ուղղությունների և սահմանված չափաքանակների։ 2025 թ․ դրությամբ ձկնաբուծական նպատակով (խորքային հորերից) տրված ջրառը կազմել է տարեկան մոտ 802 մլն մ³, իսկ նոր կարգավորումներով այն կազմելու է 509 մլն մ³։ Արդյունքում առաջիկա 1.5 տարվա ընթացքում ձկնաբուծական նպատակով ջրի օգտագործումը կնվազի մոտ 36.5%-ով, և կխնայվի մոտ 293 մլն մ³ ջուր։

Արարատի և Արմավիրի մարզերում լուծարվել և կոնսերվացվել է 33 խորքային հոր։ Խնայվել է տարեկան շուրջ 34.5 մլն խմ ջրաքանակ, որը վերջին 5 տարվա առավելագույն ցուցանիշն է։

Բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարման նպատակով հաշվետու տարվա 1-ին կիսամյակի համար նախատեսված էր 3 միջոցառում։ ԲՀՊՏ օրենքի փոփոխությամբ թույլատրվել է մինչև 1991 թվականը պետական արգելոցների տարածքում առկա ջրային համակարգերով ջրօգտագործումը։ Արդյունքում 2025 թվականին «Խոսրովի անտառ» պետական արգելոցից (Գառնիի ջրատարով) տրվել է ոռոգման ջրօգտագործման թույլտվություն։ Մշակվել է «ԲՀՊՏ»-ների նոր օրենքը։ 2021–2025 թվականներին Սևանա լճի առափնյա հատվածում ապամոնտաժվել է 147 ապօրինի շենք-շինություն, որից 2025 թ-ին՝ 61-ը։ 2025 թվականին վարձակալության պայմանագրերի խզման գործընթացների շրջանակում Սևան ազգային պարկին վերադարձվել է 79 հեկտար տարածք, որոնց մեծ մասը վերադարձվել է դատարանի որոշմամբ։

Կենսաբազմազանության վերականգնմանն ուղղված աշխատանքների շրջանակում նախատեսվում է Սևանա լիճ բաց թողնել 120 հազար հատ Սևանի իշխանի մանրաձուկ, ստանալ շուրջ 200 հազար հատ Սևանի կողակի մանրաձուկ (որոնք 2027-ին բաց կթողնվեն լիճ), ինչպես նաև՝ արհեստական վերարտադրությամբ ստացվել է կարմրախայտի մանրաձուկ, որոնցից 50 հազար հատը բաց կթողնվի Ձորագետի վերին հոսանքներում։ Այս աշխատանքներն իրականացվում են առաջին անգամ։

2025–ի ընթացքում ընդունվել է «Կլիմայի մասին» Հայաստանի Հանրապետության առաջին օրենքը, որով սահմանվել է կլիմայական քաղաքականության շրջանակը։

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում Կառավարության որոշմամբ հաստատվել է նախարարության կողմից մշակված օդի որակի բարելավման հնգամյա ծրագիրը։ Այն նախատեսում է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացում՝ 14 անշարժ (Երևան քաղաքի համար՝ 6) և 2 շարժական դիտակայանների ձեռքբերում, ժամանակակից լաբորատորիաների ստեղծում, շինարարության և հանքարդյունաբերության ոլորտներում փոշենստեցնող սարքավորումների կիրառման պարտադիր պահանջի սահմանում, ինչպես նաև վարչական պատասխանատվության խստացում։

 

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment