Մոսկվայում Ճապոնիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ


Մոսկվայում Ճապոնիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ: Փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը նրան բողոք է հայտնել Ճապոնիայի վարչապետի և արտգործնախարարի հայտարարությունների կապակցությամբ, որոնք արվել էին օրերս՝ Վլադիմիր Պուտինի՝ Կուրիլյան արշիպելագի Իտուրուպ կղզի այցից հետո։


Գերատեսչության հայտարարության համաձայն՝ Կուրիլյան կղզիների նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը քննարկման և կասկածի ենթակա չեն։ Մոսկվան պնդում է, որ այդ տարածքները Ռուսաստանին են անցել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով։ Նաև ռուսական կողմը իրեն իրավունք է վերապահում համարժեք միջոցներ ձեռնարկել՝ հաշվի առնելով Ճապոնիայի հակառուսական քաղաքականությունը, պատժամիջոցները և Ուկրաինային աջակցությունը:


Օրեր առաջ Ճապոնիայի վարչապետը, մեկնաբանելով Պուտինի այցը Կուրիլյան կղզիներ, հայտարարել էր՝ Տոկիոն դատապարտում է նման քայլը, քանի որ, նրա ձևակերպմամբ, Հյուսիսային տարածքները Ճապոնիայի անբաժանելի մասն են՝ թե՛ պատմականորեն, թե՛ միջազգային իրավունքի տեսանկյունից։ Սանաե Տակաիտին հավելել էր, որ Պուտինի այցը սրել է Ճապոնիայում հակառուսական տրամադրությունները և բարդացրել հարաբերությունների վերականգնման գործընթացը։ Նա նախազգուշացրել էր՝ դիտարկվում է Մոսկվայի դեմ պատժամիջոցները խստացնելու սցենարը:

Դիտումների քանակ3

Leave a comment