ՆԳՆ․ ՃՏՊ-ներից զոհերի թիվը 2,5 տարի շարունակ նվազել է (PAN.am)

Հայաստանում վերջին 2,5 տարվա ընթացքում ՃՏՊ-ների հետևանքով մահացության ցուցանիշը շարունակաբար նվազել է, հայտնել է ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարը։

ՀՀ-ում արդեն 2,5 տարի ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի շարունակական նվազման միտում է գրանցվել, 2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ ոստիկանության գործունեության արդյունքներն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանը։

Նրա փոխանցմամբ՝ պարեկային ծառայությունը ոչ միայն ապահովել է ճանապարհային երթևեկության անվտանգությունը, այլև նշանակալի մասնակցություն է ունեցել ընդհանուր հանցագործությունների հայտնաբերման և բացահայտման գործում, հայտնում է Factor.am-ը։

«Ի՞նչ զարգացումներ ենք տեսնում այս ծառայության համար. իհարկե, թվային տիրույթում Քրեական ոստիկանությունը իր կարողությունները պետք է զարգացնի այն տրամաբանությամբ, որ շատ հանցատեսակներ հետզհետե կամ նույնիսկ մեծ տեմպերով տեղափոխվում են համացանց, և համացանցը ևս պետք է դիտարկել որպես ոստիկանության համար «պարեկություն» անելու տարածք։ Այստեղ նույնպես պետք է հանցագործությունները կանխարգելել, կանխել, բացահայտել»,- ասել է Մկրտչյանը։

Նրա դիտարկմամբ՝ ակտիվ գործունեություն է ծավալել նաև Սևանա լճի էկոհամակարգի պահպանությունն ապահովող Ջրային պարեկային ծառայությունը, որն անցած տարվա սեզոնի ընթացքում հայտնաբերել և առգրավել է մոտ 4,5 տոննա ապօրինի որսված ձուկ։

Նշվել է նաև, որ թվային և տեխնոլոգիական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջիկայում նախատեսվել է գործարկել մասնագիտացված կիբեռլաբորատորիա։ Ակնկալվել է, որ դրա գործունեությունը կնպաստի նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցության զարգացմանը։

Leave a comment