«Աջափնյակում հայտնաբերված նորածնի դեպքով աշխատանքները դեռ շարունակվում են։ Նորածնին դրել են և թողել, գնացել» ,- ասուլիսում անդրադառնալով Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածին աղջկա դեպքին՝ ասաց ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։
Նա նշեց, որ դեպքով այս պահին էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացվում են՝ ընդգծելով, որ երեխային թողած անձը դեռևս չի հայտնաբերվել։
Անդրադառնալով ՆԳՆ աշխատանքներն նա նշեց, որ չի պնդում՝ ոստիկանությունը թերություններ չունի, լինում են դեպքեր, որ շուտ են հայտնաբերվում, բացահայտվում, լինում են դեպքեր՝ ուշ։ Ոստիկանապետի խոսքով, ոստիկանությունը մշտապես օպերատիվ-հետախուզական գործունեություն է իրականացնում, ինչպես նաև աշխատանքներ է տանում հանցագործությունների կանխման ուղղությամբ։«Ոստիկանությունը ինքը կենդանի մարմին է, միշտ օպերատիվ-հետախուզական գործունեություն է իրականացնում և իրականացնում է նաև պրոֆիլակտիկ աշխատանքի՝ դեպքերի կանխման ուղղությամբ»,- ասաց Ցուցուլյանը։
Հիշեցնենք, օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նշվել է, քանի որ համեմատաբար զով է եղել օգոստոսի 10-ին, երեխայի մարմնի ջերմաստիճանը իջել էր 30 աստիճան, ինչը կրիտիկական է նոր ծնված երեխաների համար։ Նորածինը շնչառական անբավարարություն է ունեցել, բայց կյանքին վտանգ չէր սպառնում։Քննչական կոմիտեում դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո երեխային, ում տրվել է Սոսե անունը, կտեղափոխեն մանկատուն։