Հասարակություն
18.08.2026 | 13:14
Երևանում նորածին երեխային դրսում թողած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ Ոստիկանության բոլոր համապատասխան ստորաբաժանումներն ակտիվ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են տանում․ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է գործընթացը ձգձգվում, Ցուցուլյանը նշեց, թե Ոստիկանությունը կենդանի օրգանիզմ է, և կան դեպքեր, որոնք բացահայտվում են շատ արագ, և կան նաև դեպքեր, որոնց համար ավելի երկար ժամանակ է պահանջվում։
«Օրինակ՝ վերջին շրջանում Հայաստանի տարածքում հայտնաբերել ենք 2020 և 2021 թվականներից ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների համար հետախուզվող անձանց։ Կոնկրետ նորածնի դեպքով այս պահին դեռևս չենք հայտնաբերել երեխային թողած անձին, սակայն աշխատանքները շարունակվում են, և հույս ունենք՝ կարճ ժամանակում կհայտնաբերենք»,- ընդգծեց ոստիկանապետի ԺՊ-ն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Երևանի Հալաբյան փողոցի բակերից մեկում քաղաքացիներից մեկը հայտնաբերել էր կտորով փաթաթված նորածնի։ Իգական սեռի նորածինը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր ծննդատուն, որտեղ նրա վիճակը ծանր էին գնահատել։ Բժիշկների հաջողվել էր փրկել երեխայի կյանքը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան