Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կարո՞ղ է չդիմանալ եւ խախտել բարեկրթության կանոնները․ ՔՊ-ականի պատասխանը

Ազգային ժողովում լրագրողները հարց ուղղեցին ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանին՝ ՔՊ-ական կանայք կմիջնորդե՞ն, որպեսզի կալանքի տակ գտնվող ընդդիմադիր գործիչ Արեգնազ Մանուկյանին թույլ տան հանդիպել իր անաչափահաս դստեր հետ:

«Հոդվածը պետք է հիշենք։ Մեր շատ գործընկերներ, այդ թվում՝ ես, հետաքրքրվել եմ այդ հարցի շուրջ։ Եվ, բնականաբար, այդ հարցի հետ կապված նաեւ արձագանքներ կլինեն։ Բայց մենք ամեն ինչ չենք բարձրաձայնում, ինչ է թե՝ ընդդիմության ներկայացուցիչ է»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Հարցին, թե անչափահաս երեխան ինչպե՞ս է ազդելու գործի ընթացքի վրա, որ թույլ չեն տալիս տեսակցել մոր հետ, Լիլիթ Մինասյանը պատասխանեց․ «Ընդհանրապես չեմ կարող մեկնաբանել, խնդիրը տեսակցությունների արգելքն է, որի շուրջ քննարկումներ կունենանք մեր գործընկերների հետ։ Իրավական համակարգից կտեղեկանանք պատճառների մասին եւ հավելյալ տեղեկություն կտանք։ Քրեական գործի բնույթը պետք է հասկանանք, չտարբերակենք որեւէ մեկին՝ հաշվի առնելով կին լինելու հանգամանքը։ Այս գործելաոճն ընդհանրապես ընդունելի չէ ինձ համար՝ կին է, երեխատեր մայր է, չգիտեմ՝ կրծքի երեխաներ ունի, իր նկատմամբ քրեական հետապնդում չի կարելի։ Կախված է հանցագործության տեսանկյունից, եւ ամենակարեւորը՝ օրենքի առաջ բոլորը հավասար են»։

Անդրադառնալով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Լիլիթ Գալստյանի՝ իշխանությանն ուղղված մեղադրանքներին՝ Լիլիթ Մինասյանն ասաց․ «Ես մի կարեւոր նկատառում ունեմ այս մասով՝ իրականում ապշում եմ մարդկանց երկերեսանիության վրա, որովհետեւ ես ինքս ամբիոնից խոսելիս պատմել եմ մեր հանրությանը, թե մենք ինչ աշխատանք ենք կատարում, օրինակ, միջազգային հարթակներում։ Տիկին Գալստյանը իմ եւ իմ գործընկերների հետ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ է, եւ մենք բազմիցս այնտեղ ՀՀ մարտահրավերների, գերիների հետ կապված շատ հարցեր ենք բարձրաձայնել։ Այսօր տիկին Գալստյանն ամբիոնից հնչեցնում է, որ տեսանելի չէ իր համար մեր արած աշխատանքը։ Ես ուղղակի ապշում եմ, թե իմ աչքերին նայելով՝ ինչպես նա կարող է այդպիսի բան ասել։ Տիկին Գալստյանի հետ ունեցել եմ փորձառություն միջազգային հարթակներում, եւ կատեգորիկ դեմ եմ այն քաղաքականությանը, որը նա է վարել, որովհետեւ Հայաստանի պետության դեմ է ուղղված եղել այն ամենը, ինչ արել է տիկին Գալստյանը»։

Նա նշեց, որ ՔՊ-ի եւ ընդդիմության միջեւ հսկայական է գաղափարական ճեղք կա՝ հաշվի առնելով մարդու իրավունքները։ «Մարդու իրավունքների կոնտեքստում եկեք նախորդ 5 տարին հիշենք։ Նրանք միայն ու միայն խոսում էին իրենց քաղբանտարկյալներից, իրենց քաղաքական հետեւորդներից, եւ ընդհանրապես քաղաքացիների մասին, որոնց իրավունքները կարող են խախտվել, բայց ընդհանրապես քաղաքական հայացքներ չունենան, չգիտես ինչու, նրանք լռում են։ Բայց եկեք հաշվի առնենք, որ ԱԺ-ն ձեւավորվում է ընդդիմության եւ իշխանության քվոտաներով, նաեւ դերաբաշխումով, եւ այդ գաղափարական բախումն է, որ պետք է ծնի ճշմարտություն։ Մենք երազել ենք, որ ընդդիմություն ունենանք, որ գա ԱԺ աշխատի։ Մենք 5 տարի չենք տեսել ընդդիմություն, մենք ուզում ենք, որ այդ գաղափարական հակադրությունը լինի, ոչ թե էլի գանք, ինչպես նախկինում է եղել, այդ «բոշա», «փչացած» խոսույթը շարունակենք Ազգային ժողովում»,- հավելեց Լիլիթ Մինասյանը։

Դիտարկմանը՝ կա տեսակետից, որ հենց Նիկոլ Փաշինյանը գա ԱԺ, չի դիմանա եւ կխախտի ՔՊ-ի առաջարկած բարեկրթության կանոնները, Լիլիթ Մինասյանը պատասխանեց․ «Մենք մեր քաղաքական թիմում որոշումներում հաշտ ենք միմյանց հետ, մշտապես։ Մեր քաղաքական դիրքորոշումները միատարր են։ Հակառակը, պարոն վարչապետն է այս ամենի ջատագովը, եւ ինչպես դուք ասում եք՝ կարող է հետագայում խախտումներ լինեն նաեւ նրա կողմից, հարգելի գործընկերներ, մենք ինչքան էլ լինենք բարեկիրթ, դա թուլության նշան չէ։ Ու հանկարծ ու հանկարծ փորձեն սահմանը հատել, ես չեմ կարծում, որ որեւէ մեկին ձեռնտու է դա»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment