«Նախագահողն այս երկու օրն ամեն ինչ անում է, որ նիստը վերածվի 8-րդ գումարման ԱԺ նիստի։ Երեկ խոսում էր բոքսից, այսօր խոսում է առողջությունից, ես խնդրում եմ՝ այնպես չլինի, որ բարեկրթությամբ, նորմալ աշխատանքային հարաբերություններով միակ հետաքրքրված կողմը ես մնամ այս դահլիճում»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարություններին։
Այնուհետև շարունակեց․ «Բոքսի գնացողներ էլ կան մեզ մոտ, տանձիկներ ունեցողներ էլ կան, ու շատ ինքնավստահ տանձիկներ, իսկ ինչ վերաբերվում է առողջությանը, առողջության հետ կապված կարող ենք կոնսուլտացիաներ անել։ Ես ուղղակի՝ որպես վերջին անձ, որն ամեն ինչ անում է, որ չվերածվի 8-րդ գումարման ԱԺ-ի, հորդորում եմ նորմալ աշխատանքային զրույց ունենանք այստեղ, չունենանք պոետիկ զեղումներ՝ Տիգրան Կարապետյանի ԱԼՄ-ի ձևաչափով։ Եվ աշխատենք կոնկրետ գործերի վրա»։
Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Առողջությունից խոսեց Ձեր գործընկերը։ Եվ ես բազմիցս եմ կրկնել՝ եթե ինչ-որ բան ասում եք այս դահլիճում, նույն վերաբերմունքը ստանալու եք։ Բարեկրթությունը հուսով եմ կպահվի»։
Ռուբեն Ռուբինյանը նկատի ուներ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Մամիկոն Ասլանյանի՝ Գարիկ Սարգսյանի ելույթին ուղղված արձագանքը, որտեղ Մամիկոն Ասլանյանն ասում էր՝ սեփական անկարևորությունը բարձրացնելու համար որոշ մարդիկ ուզում են մեծ մարդկանց անուններ տալ, բայց իրենց չի հաջողվում ուրիշների հաշվին իրենց՝ ոչինչ չլինելը բարձրացնել ու հորդորել էր․ «Երբ մենք մեջբերումներ ենք անում, պիտի աշխատենք մեր հագով օրինակներ բերել, որ հետո հանկարծ մենք առողջական խնդիրներ չունենանք»։
Նարեկ Կարապետյանն էլ, հիշեցնելով ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի ելույթը, նշեց․ «Մենք ականատես եղանք պոետիկ զեղումների, որոնց վերջը կարող է լինել իրապես մտահոգությունը առողջության ոլորտների մասին։ Սակայն մենք վերջին մեր ջանքերն ենք գործադրում շարունակելու չվերածել 9-րդ գումարման ԱԺ-ն 8-րդ գումարման ԱԺ-ի և չունենալ նոր ԱԽ քարտուղար»։
Ռուբեն Ռուբինյանն էլ ի պատասխան ասաց․ «Շատ լավ է, որ մենք ունենք ԱԽ նոր քարտուղար՝ օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել Ալեն Սիմոնյանին։ Ինչ վերաբերում է պոետիկ զեղումներին, կարծում եմ՝ պետք է զբաղվեք ձեր խմբակցության տարատեսակ պոետներով և ճարտար լեզվին տիրապետողներով։ Պոեզիան կամ ընդունելի է՝ որպես որևէ բան հասկացնելու միջոց, կամ ընդունելի չէ։ Եթե ընդունելի է, ուրեմն մեր հարգարժան գործընկերները պետք է պատրաստ լինեն, որ տարատեսակ պոետիկ անդրադարձեր կարող են լինել կամ պոետիկ մեջբերումներ կարող են լինել, որտեղ կարելի է կամ չի կարելի տեսնել համընկնումներ իրական կամ մտացածին կերպարների հետ»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: