ԱԺ-ն շարունակում է քննարկել հանձնաժողովների ղեկավարների թեկնածությունները (PAN.am)

Ազգային ժողովը շարունակում է հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը։ Շուտով ավարտվելու է արդեն վեցերորդ հանձնաժողովի ղեկավարի թեկնածության հարցի քննությունը։

Քննարկումն այժմ հասել է մտքերի փոխանակության փուլին։ Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» առաջադրած Դավիթ Ղազինյանի թեկնածությանը։

Ղազինյանն իր հիմնական ելույթի մեծ մասը նվիրել է էներգետիկ ոլորտին՝ պնդելով, որ Հայաստանն այդ տեսանկյունից ինքնաբավ է։ Նա նաև հայտնել է, որ իշխանական պատգամավորներին չի հորդորելու իր օգտին քվեարկել, սակայն ընտրվելու դեպքում պատրաստ է համագործակցել բոլորի հետ։

Ղազինյանին հարց ուղղելու համար հերթագրվել է ավելի քան երկու տասնյակ պատգամավոր՝ գերազանցապես իշխանական խմբակցությունից։ Հարցեր են հնչել նաև նրա նկատմամբ քննվող ընտրակաշառքի գործի առնչությամբ։ Նախկինում ՀԷՑ-ը ղեկավարած Ղազինյանն այս գործով մեղադրյալ է և որոշ ժամանակ կալանքի տակ է գտնվել։

Սա ընդդիմության ներկայացրած երկրորդ թեկնածությունն է։ Ավելի վաղ խորհրդարանը քննարկել էր Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» առաջադրած Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ չի տեղեկացրել, թե ինչպես է քվեարկելու ընդդիմության թեկնածուների հարցում։

Պատգամավորները միաժամանակ քննարկել են Կրթության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։

Leave a comment