Քաղաքականություն
17.08.2026 | 12:21
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, արձագանքելով օդում զգացվող լարվածության վերաբերյալ Մամիկոն Ասլանյանի դիտարկումներին, ասաց, որ ընդդիմադիրների շարքերում կան «պոեզիայի սիրահարներ», որոնք ծածուկ պոետիկ հրապարակումներ են անում։
«Եթե դա Ձեզ համար նորմալ է, ուրեմն պետք է պատրաստ լինեք Դուք էլ լսել պոեզիա՝ հարուստ պոեզիա… ես կառաջարկեի ընդհանրապես պոեզիան թողնել պոետներին և զբաղվել ելույթներով»,- հայտարարեց նա։
Ռուբինյանը անդրադարձավ նաև Մամիկոն Ասլանյանի այն ակնարկին, ըստ որի՝ ելույթ ունեցողներից մեկը պետք է մտածի իր առողջության մասին։ ԱԺ նախագահը սա որակեց որպես վտանգավոր դաշտ մտնելու փորձ և հակադարձեց. «Պարո՛ն Ասլանյան, ես ձեզ վստահեցնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագրում» էլ բազմաթիվ մարմնի և հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ, բայց եկեք այդ դաշտ չմտնենք»։
ԱԺ նախագահը հորդորեց գործընկերներին վերադառնալ օրակարգային հարցերին՝ նիստերի ընթացքը համեմատելով հին թվերի «Ալֆրեդի սենյակի» հետ։ Նա կրկին կոչ արեց զսպել ներքին «պոետներին» և անցնել բովանդակային աշխատանքի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան