Հայաստանում գրանցված սննդի առաքիչների թիվը գնահատվել է 2-3 հազար, որոնց առնվազն 10 տոկոսի մոտ բժշկական գրքույկի առկայությունն արդեն հաստատվել է։ Տվյալները հայտնել է Սննդի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը՝ հիմք ընդունելով առաքման ծառայություններ մատուցող ընկերություններից ստացված տեղեկությունները և ՍԱՏՄ-ի իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքները, հայտնում է Sputnik Արմենիան։
ՍԱՏՄ-ն դեռ ամիսներ առաջ հայտարարել է այս ոլորտում վերահսկողությունն ուժեղացնելու և մարտի 1-ից շրջայցեր իրականացնելու մտադրության մասին։ Սակայն տնտեսվարողները խնդրել են լրացուցիչ ժամկետ տրամադրել օրենքով սահմանված պահանջները կատարելու համար՝ տեղեկացնելով, որ իրենց հաշվարկներով սննդի առաքիչների թիվը կազմել է 2-3 հազար, ուստի նրանց բուժզննության կազմակերպման համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ եղել։
Օգոստոսի 1-ին, երբ ավարտվել է ՍԱՏՄ-ի տրամադրած լրացուցիչ ժամկետը, տեսուչները սկսել են շրջայցերը և արդեն ստուգել են հայտարարված 2-3 հազար առաքիչների մոտ 10 տոկոսին։
«Օգոստոսի առաջի 10 օրվա ընթացքում մոտավորապես 237 առաքիչ է ստուգվել։ Գրեթե բոլորը ունեցել են գրքույկներ, իսկ նրանք, ովքեր չեն ունեցել, պարզվել է, որ զբաղվում են ոչ սննդի առաքմամբ։ Մենք գոնե 1 հոգի չենք գտել, որը զբաղվում է սննդի առաքմամբ և այդ պահին չունի գրքույկ։ 10-15 օրվա ստուգումների արդյունքները ցույց են տալիս, որ գործատուները` առաքման հարթակներն իրենց խոսքը պահել են, խնդիրը լուծել են»,– ասել է Հարությունյանը։
Թեև իրականացված ստուգումների արդյունքները գոհացուցիչ են եղել, ՍԱՏՄ-ն հավաստիացրել է, որ խիստ վերահսկողությունը շարունակելու է։
«Տեսուչները պարեկային ծառայության հետ միասին լինելու են փողոցներում, Երևանի և հանրապետության տարբեր հատվածներում և ստուգելու են, որպեսզի հասկանան, թե առաքման խնդիրը ինչ մակարդակի է լուծված»,– վստահեցրեց Անուշ Հարությունյանը։
Ստուգումները հիմնականում իրականացվել են և հետագայում ևս իրականացվելու են դրսում՝ հենց առաքման շղթայում։ Տեսչական մարմնում առաքումը կազմակերպող ընկերություններ այցելելն արդյունավետ չեն համարել։ Պատճառն այն է, որ այդ ընկերությունները գործատու չեն համարվել, այլ գործել են որպես հարթակներ, որտեղ մարդիկ գրանցվել են իբրև առաքիչ և այդ հարթակների միջոցով պատվերներ են ստացել։ Հարթակներն առաքիչներին տրամադրել են անհրաժեշտ պարագաներ, այդ թվում՝ սննդի տեղափոխման համար նախատեսված պայուսակ–արկղեր։ Նոր կարգավորմամբ՝ հարթակներն այլևս չեն գրանցելու այն առաքիչներին, որոնք գրանցվելու պահին բժշկական գրքույկ չեն ներկայացնի։ Նախկինում այդպիսի պահանջ սահմանված չի եղել, ինչն էլ հանրության շրջանում բազմաթիվ մտահոգություններ է առաջացրել՝ կապված սննդի անվտանգության և հնարավոր վարակներից պաշտպանված լինելու հետ։
«Մենք կարողանում ենք հետևել հարթակին, տեսնել, թե տվյալ առաքիչը հարթակում որպես սնունդ տեղափոխող է գրանցված, թե ոչ։ Եթե սննդի առաքիչ է, ուրեմն ավտոմատ մտնում է մեր վերահսկողության դաշտ։ Բնականաբար, տեսուչը ստուգում է իր մոտ սանիտարական անձնագրի բժշկական գրքույկի առկայությունը, բժշկական զննություն անցած լինելը»,– ընթացակարգը պարզաբանում է տեսչական մարմնի ներկայացուցիչը՝ հավելելով, որ օրենքի պահանջով առաքիչը պետք է բուժզննում անցնի յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ։
Օտարերկրյա քաղաքացի հանդիսացող առաքիչների դեպքում բուժզննությունը կացության իրավունք ունենալու պայմանով երաշխավորվել է ՀՀ օրենսդրությամբ։ Այդուհանդերձ, առաքման ծառայություններ տրամադրող խոշոր հարթակները հայտնել են, որ առաջին անգամ աջակցություն են ցուցաբերել իրենց գործընկեր–առաքիչներին՝ բժշկական զննություն անցնելու և համապատասխան գրքույկ ստանալու հարցում։ Հետագայում օրենքով նախատեսված պահանջը պահպանելու պարտականությունն արդեն դրվել է առաքիչների վրա, քանի որ ամբողջ պատասխանատվությունը կրելու է տվյալ անհատը։
Սանիտարական գրքույկ չունենալու կամ պարտադիր բժշկական զննությունը չանցնելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսվում է 40-50 հազար դրամ տուգանք, իսկ նույն խախտումը կրկին կատարելու դեպքում՝ 80-100 հազար դրամ։