Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Նիստը նախագահողը դատավարության կողմերին ներկայացրեց գործով տուժող Հասմիկ Հակոբյանի ուղարկած դիմում-նամակը:
Մասնավորապես՝ Հակոբյանը դիմումով հայտնել էր, որ ինքը գտնվում է արտերկրում եւ փետրվարի 10-ի նիստին չի կարողանալու մասնակցել՝ խնդրելով դատարանին հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը: Հակոբյանը հայտնել էր, որ Քննչական կոմիետում իր տված ցուցմունքն անփոփոխ է, պահանջը Հովիկ Աբրահամյանից նույնպես նույնն է՝ 350 միլիոն ՀՀ դրամ: Ըստ տուժողի. «Այդ գումարը չնչին հատուցումն է մեր անցյալի տառապանքների, բարոյապես մաշվելու, մեզ հոգեկան խանգարման աստիճանի հասցնելու, որի հետեւանքները կրում է այժմ իմ տղան»:
Աբրահամյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ Հասմիկ Հակոբյանը չի կարող այս գործով տուժող լինել, քանի որ նա ոչնչից չի տուժել. «Հասմիկ Հակոբյանը քրեական գործով չի կարող տուժող հանդիսանալ, իրավաբանորեն չի էլ հանդիսանում, անկախ նրանից, որ քննիչը նման որոշում կայացրել է: Համապատասխան փուլում մենք այդ հիմնավորումները կներկայացնենք դատարան: Ինչ այստեղ գրել է, նույնիսկ այստեղ չկա այն հիմնավորումը, որ Հասմիկ Հակոբյանը կարող է տուժող լինել, չկա որեւէ փաստական տվյալ, որ նա վնաս է կրել կամ կարող էր կրել: Հետեւաբար նա տուժող չի կարող լինել»:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով:
Այս գործով մյուս մեղադրյալ Բագրատունի Բարսեղյանի պաշտպանն էլ միջնորդեց պաշտպանյալի խափանման միջոցի փոփոխություն: Հանրային մեղադրողը առարկեց: Սակայն դատարանը որոշեց վերացնել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը՝ Բարսեղյանի նկատմամբ կիրառելով 7 միլիոն դրամի գրավ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: