Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times

Քաղաքականություն

16.08.2026 | 20:10

Վերջին կես տարվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերն առաջին անգամ բրիտանական արտադրության անօդաչու թռչող սարքեր են օգտագործել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար, գրում է The Sunday Times-ը։

Ուկրաինան անօդաչուներ է ստացել բրիտանական երկու ընկերություններից։ Դրանցից մեկը, ինչպես գրում է թերթը, Callen-Lenz ընկերության արտադրած ռեակտիվ Nyan անօդաչուն է։ Callen-Lenz-ը խոշորագույն պաշտպանական BAE Systems ընկերության դուստր կառույցն է։ Երկրորդ ընկերության անունը The Sunday Times-ը «անվտանգության նկատառումներից ելնելով» չի հրապարակում։

Ինչպես նշվում է ընկերության կայքում, Nyan անօդաչուն կարող է թռչել մոտ 240 կիլոմետր։ Երկրորդ անօդաչուի թռիչքի հեռահարությունը մոտ 960 կիլոմետր է։ Այն արձակվում է կատապուլտային համակարգի օգնությամբ, ինչը հնարավորություն է տալիս անօդաչուները մեկը մյուսի հետևից արձակել նվազագույն ժամանակային ընդմիջումով, գրում է The Sunday Times-ը։

Բրիտանական անօդաչուների կիրառումը հարձակումների ժամանակ հաստատել են թերթի՝ Ուկրաինայի զինված ուժերում ունեցած բազմաթիվ աղբյուրներ։ Հեռահար հարվածների արշավի շրջանակում ուկրաինացի զինվորականները բրիտանական անօդաչուների օգնությամբ խոցել են, այդ թվում, Վոլգոգրադի և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանները։

BBC-ի փոխանցմամբ՝ անօդաչուների թիրախների թվում եղել են տարբեր ռազմական և արդյունաբերական օբյեկտներ, այդ թվում՝ նավթավերամշակման գործարաններ և Wildberries-ի պահեստներ։

BAE Systems ընկերությունից հայտարարել են, որ Ուկրաինայի պաշտպանությանն աջակցելու՝ Միացյալ Թագավորության ծրագրի շրջանակում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը մատակարարում են «մի շարք միջոցներ և լուծումներ»։

Leave a comment