Օգոստոսի 15-ին ավտոմեքենայի և ինքնագլորի (սամակատ) բախում է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես փոխանցում է Shamshyan.com-ը, ժամը 16:40-ի սահմաններում Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են 26-ամյա Հակոբ Ք.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 15-ամյա Րաֆֆի Ղ.-ի վարած ինքնագլորը։
Բախման հետևանքով ինքնագլորը կողաշրջվել է, ապա դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շնորհիվ Երևանի 103 շտապօգնության բժիշկների և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։