Իտալիայի ոստիկանությունը հայտնաբերել է ֆրանսիացի հայտնի նկարիչներ Պիեռ Օգյուստ Ռենուարի, Պոլ Սեզանի և Անրի Մատիսի երեք ստեղծագործությունները, որոնք մարտին գողացել էին երկրի հյուսիսում գտնվող մասնավոր թանգարանից։ Գողացված կտավները հայտնաբերվել են գործով կասկածյալներից մեկի տանը, հայտնում է Deutsche Welle-ն։
Փարեզի ոստիկանության ղեկավար Անդրեա Պալյարոյի խոսքով՝ գործով կասկածվում է Մոլդովայի ինը քաղաքացի, որոնցից հինգը, ենթադրաբար, մասնակցել են գողությանը։
Գողացված աշխատանքների թվում են Ռենուարի «Ձկներ» ուշ շրջանի աշխատանքը, Սեզանի մատիտով և ջրաներկով արված «Բալով նատյուրմորտը» և Մատիսի «Օդալիսկը տեռասում» ջրաներկով գործը։ Դրանց շուկայական մոտավոր արժեքը գնահատվում է 3 մլն, 6 մլն և 20 հազար եվրո։
Կտավները մարտի վերջին գողացել էին Պարմայի մոտ գտնվող Լուիջի Մանյանիի անվան հիմնադրամի մասնավոր հավաքածուից։ Այն համարվում է Իտալիայի կարևորագույն արվեստի հավաքածուներից մեկը և ներառում է եվրոպացի հայտնի նկարիչների, այդ թվում՝ Տիցիանի, Ալբրեխտ Դյուրերի, Պիտեր Պաուլ Ռուբենսի և Ֆրանսիսկո Գոյայի ստեղծագործություններ։
Գողության ժամանակ հանցագործները կոտրել էին թանգարանի մուտքի դուռը և մոտ երեք րոպե անց հեռացել կտավների հետ։ Հիմնադրամի ներկայացուցիչներն այն ժամանակ հայտարարել էին, որ հանցագործությունը նախապես ծրագրված է եղել, սակայն տեսահսկման համակարգի և ոստիկանության ու անվտանգության աշխատակիցների արագ արձագանքի շնորհիվ գողությունը հետագայում բացահայտելու հնարավորություն է ստեղծվել։