Իրանի նկատմամբ վերջնական հաղթանակից հետո Հորմուզի նեղուցը կհայտարարվի ԱՄՆ տարածք․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ վերջնական հաղթանակից հետո մտադիր է Հորմուզի նեղուցը հայտարարել Միացյալ Նահանգների տարածք։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Սպիտակ տան ղեկավարը Նյու Յորքի նահանգային ոստիկանության ակադեմիայում կայացած հանդիպման ժամանակ նշել է, որ Հորմուզի նեղուցն այս պահին վերահսկվում է ԱՄՆ զինված ուժերի կողմից, որոնք շրջափակել են Իսլամական Հանրապետության նավահանգիստները։

Միաժամանակ, Իրանի իշխանությունները հայտարարում են, որ իրենք են արգելափակել նեղուցը, որտեղ նավագնացությունը խաթարվել է դեռևս փետրվարից՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Թեհրանի դեմ սկսված պատերազմի մեկնարկից ի վեր։

Թրամփը, սակայն, չի ներկայացրել որևէ բացատրություն, թե ինչ հիմքով է պատրաստվում Հորմուզի նեղուցը ներկայացնել որպես ԱՄՆ-ի տարածք։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը պնդել էր, որ Իրանի հետ պատերազմը կարճատև կլինի։

Թրամփը նախկինում ևս խոսել էր Գրենլանդիայի և Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Վաշինգտոնի ցանկության մասին, ինչպես նաև Վենեսուելան անվանել էր ԱՄՆ-ի 51-րդ նահանգ։

Թրամփի հայտարարությանը անդրադառնալով՝ Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը չի զիջի ԱՄՆ-ի սպառնալիքներին և ուժի ցուցադրմանը։

Leave a comment