Թրամփը մտադիր է Հորմուզի նեղուցը հայտարարել ԱՄՆ տարածք Իրանում գործողության ավարտից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի պարտությունից հետո մտադիր է Հորմուզի նեղուցը հայտարարել Միացյալ Նահանգների տարածք։ DW-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Նյու Յորքի նահանգի Գարդեն Սիթի քաղաքում ոստիկանական ակադեմիայում ունեցած ելույթի ժամանակ։

«Իրանում, որը շատ ծանր պարտություն է կրում, գործողությունն ավարտելուց հետո  շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք»,- ասել է Թրամփը՝ հավելելով՝ «դա ճիշտ է»։

Միաժամանակ, դեռևս հստակ չէ՝ արդյոք նախագահի հայտարարությունը նոր քաղաքականության մասին ազդարարող լուրջ մտադրություն է, թե պարզապես հռետորական հայտարարություն։

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին արձագանքել է Թրամփի հայտարարությանը՝ նշելով, որ Իրանը «չի վախենալու», իսկ ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ճանապարհը կմնա Իրանի վերահսկողության և իրավասության ներքո։

Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը սրվել է ԱՄՆ-ի և Իսրայելի՝ փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսած պատերազմից հետո։ Իրանը, ի պատասխան, հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակիցների ուղղությամբ և փակել Հորմուզի նեղուցը, որով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում նավթի և հեղուկացված բնական գազի փոխադրումների մոտ մեկ հինգերորդը։

ԱՄՆ-ն պատասխանել է Իրանի կողմից նեղուցի փակմանը ՝ Իրանի նավերի և նավահանգիստների նկատմամբ ծովային շրջափակում իրականացնելով։ Կողմերի առճակատումը շարունակվում էր ամիսներ շարունակ, ինչի հետևանքով աճել են էներգակիրների գները։

Թրամփը ելույթի ընթացքում նաև ամերիկացիներին կոչ է արել ընդունել բենզինի գների հնարավոր աճը՝ այն ներկայացնելով որպես Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելու համար վճարվող անհրաժեշտ գին։

«Դուք ստիպված կլինեք մի փոքր ավելի շատ վճարել ձեր բենզինի համար»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնի գործողությունները, իր գնահատմամբ, «մեծ ծառայություն են աշխարհին»։

Թրամփը նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի կողմից իրականացվող շրջափակման պայմաններում նավերը կարող են անցնել միայն Վաշինգտոնի համաձայնությամբ։

Leave a comment