«Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների եւ անհետ կորած անձանց թեման ակտիվացնելու համար»․ Տիգրան Աբրահամյան

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների եւ անհետ կորած անձանց թեման ակտիվացնելու ու խնդիրը Հայաստան-Ադրբեջան գործընթացքում քննարկման առարկա դարձնելու համատեքստում: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Թեպետ Հայաստանում մեր հասարակության շրջանում քիչ չեն տարբեր քաղաքական, հասարակական միավորները, կամ պարզապես ակտիվ նախաձեռնություններն ու խմբերը, որոնք 44-օրյա պատերազմին, դրան հաջորդող ժամանակահատվածում, 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի եւ արցախցիների նկատմամբ ցեղասպանությունից հետո հարցը մշտապես բարձրաձայնել են՝ ակցիաներից, տարբեր ձեւաչափով քննարկումներից մինչեւ միջազգային ատյաններ, սակայն այդ թոհ ու բոհի մեջ որպես կանոն բացակայում է պետությունը: Մի բան է, երբ թեման օրակարգ բարձրացնում եւ միջազգայնացնում է պետությունը՝ իր ինստիտուտների եւ միջազգային համագործակցության հարթակներն օգտագործելով, լրիվ այլ բան, երբ դա անում են մյուս բոլոր ուժերը: Ադրբեջանը հայ գերիների ու անհետ կորածների չափազանց զգայուն հարցն օգտագործում է՝ տարբեր երկրներին ծառայություններ մատուցելու եւ իր հավատարմությունը հայտնելու նպատակով: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի այցը տարածաշրջան  կարող է որոշակի պրոցեսներ արագացնել՝ թեման հումանիտար տեսանկյունից քննարկելու եւ խաղաղության լույսի ներքո հանգուցալուծման տանելու առումով»,- ասաց նա։

Ըստ Աբրահամյանի՝ ցավալիորեն այսպիսի կարեւոր եւ հրատապ թեմայի շուրջ ակնկալիքներն ու քննարկումները բացառապես պայմանավորված են այս կամ այն երկրի շահերի, իմիջային հարցերի կամ քմահաճույքների հետ, իսկ թեմայի հիմնական շահառուն՝ գործող ռեժիմը, թեեւ որոշակի պարբերականությամբ երկչոտ, անորոշ, իսկ երբեմն էլ ադրբեջանահաճո տեքստեր է հնչեցնում, սակայն թեման առաջին պլան ակնհայտորեն չի բերում:

«Ադրբեջանն օգտագործում է Բաքվի բանտերում գտնվող հայերի թեման՝ Հայաստանին ագրեսորի, օկուպանտի եւ հանցագործի կարգավիճակի մղելու համար, եւ սա արվում է գործողների անթույլատրելի լռության եւ անտարբերության պայմաններում: Ադրբեջանական տարբեր ագրեսիաների հետեւանքով անհետ կորած անձանց ճակատագրի պարզումն ու հայրենադարձումը նորմալ կառավարությունների, գործիչների համար պետք է լիներ պատվի ու արժանապատվության հարց, սակայն այդ մարդկանց հարազատներն այս դռնից այն դուռն են գնում, դրանք հերթով թակում, այնինչ խնդիրը մնում է խիստ անորոշ: Մարդիկ, ովքեր հայրենիքի համար ծանրագույն փուլում մարտի են նետվել, պետության համար պետք է ունենան բարձրագույն կարգավիճակ, իսկ նրանց զոհվելու կամ անհետ կորելու հանգամանքը մշտապես պետք է լինի օրակարգի առանցքում»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment