Սպիտակ տունը հրապարակել է զեկույց, որում ավելի քան 40 պետությունների, այդ թվում՝ Կանադային, Մեքսիկային և Ճապոնիային մեղադրել է Չինաստանին՝ ամերիկյան մաքսատուրքերից խուսափելու հարցում աջակցելու մեջ։ Խոսքն առևտրային հոսքերը ավելի ցածր մաքսատուրքեր ունեցող երկրների միջոցով վերաուղղելու մասին է։ Փաստաթուղթը ստացել է «Բեռների փոխաբեռնման մեծ խարդախությունը» անվանումը, իսկ դրա շապիկին պատկերված է տրոյական ձին։
Սպիտակ տան վարկածի համաձայն՝ Պեկինը և պետության կողմից աջակցվող արտադրողները ապրանքներն ուղղել են էժան աշխատուժ ունեցող, թույլ մաքսային վերահսկողությամբ, ազատ տնտեսական գոտիներով կամ ԱՄՆ շուկա պարզեցված հասանելիությամբ իրավազորություններ։
«Ժամանակի ընթացքում մաքսատուրքեր ունեցող այս երկրները, որոնց թիվն այսօր գերազանցում է 40-ը, դարձել են մաքսատուրքերից խուսափելու նոր համակարգի մեկնարկային հարթակներն ու կենտրոնները․ հիմնականում Չինաստանում արտադրված ապրանքները արտերկրում ենթարկվել են նվազագույն մշակման և նոր անվանումներով արտահանվել Ամերիկա», – ասվում է զեկույցում։
Ամերիկյան վարչակազմը հաշվարկել է, որ այս սխեմայի պատճառով ԱՄՆ-ն տարեկան կորցնում է 19-26 մլրդ դոլար։
«Հիմնական սցենարի համաձայն՝ տարեկան 75 մլրդ դոլարի ապօրինի բեռների փոխաբեռնման արդյունքում կկորցվի մոտ 450 հազար աշխատատեղ, իսկ դրա հետ կապված դաշնային եկամուտների կորուստները կկազմեն 19-26 մլրդ դոլար», – նշվում է փաստաթղթում։
Սպիտակ տան առևտրային և արտադրական քաղաքականության վարչության ղեկավար Փիթեր Նավարոն հայտարարել է, որ Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանումից հետո Չինաստանը բեռների փոխաբեռնումը կազմակերպելու «չափազանց բարդ» մեթոդներ է կիրառել, հայտնում է Financial Times-ը։
«Տարիներ շարունակ բեռների փոխաբեռնման լայնածավալ խարդախությունը թույլ է տվել կոմունիստական Չինաստանին իր արտահանումը «լվանալ» ավելի քան 40 երկրներում, տասնյակ միլիարդավոր դոլարներ գողանալ մեր պետական գանձարանից և խլել ամերիկացի աշխատողների աշխատավարձերը», – ասել է նա։
2025 թվականի նոյեմբերին Թրամփը հայտարարել էր Չինաստանի նկատմամբ 100% մաքսատուրքեր սահմանելու մասին։ Հունվարի վերջին հանրապետականը նաև մաքսատուրքերով էր սպառնացել Կանադային, եթե վերջինս առևտրային համաձայնագիր կնքի Չինաստանի հետ։ Նրա խոսքով՝ Կանադան «լրջորեն սխալվում է»՝ թույլ տալով Չինաստանին մեծացնել էլեկտրամոբիլների ներմուծումը։
Ավելի ուշ Չինաստանը կոչ արեց ԱՄՆ-ին չեղարկել առևտրային գործընկերների նկատմամբ սահմանված միակողմանի մաքսատուրքերը։ Պեկինը նախազգուշացրեց, որ ուշադիր հետևելու է ամերիկյան իշխանությունների պատասխան քայլերին։