Պաղեստինցիների տները շրջափակած վերաբնակիչներն «իսրայելցի ահաբեկիչներ» են. Հաքաբի


ԱՄՆ-ն կոչ է անում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրապարակավ դատապարտել իսրայելցի վերաբնակիչների գործողությունները, որոնք գրեթե մեկ շաբաթ շրջափակել են Արևմտյան ափի Կուսրա գյուղի երեք պաղեստինյան տուն՝ հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին։


Շրջափակման հետևանքով մոտ 15 պաղեստինցի, այդ թվում՝ երկու երեխա, մնացել են իրենց տներում՝ առանց ջրի և էլեկտրաէներգիայի։ Վերաբնակիչները փակել են ճանապարհը և թույլ չեն տվել մարդկանց դուրս գալ իրենց տներից կամ ներս մտնել։


Նախօրեին Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին պաղեստինցիների տները շրջափակած վերաբնակիչներին անվանել է «իսրայելցի ահաբեկիչներ»։ Իսրայելական զորքերի ժամանումից հետո վերաբնակիչների վրանը ապամոնտաժվել է, սակայն ըստ պաղեստինցիների՝ նրանք մնում են տարածքում։


Reuters-ի տվյալներով՝ Վաշինգտոնը սկսել է ճնշում գործադրել Նեթանյահուի վրա, երբ պարզվել է, որ շրջափակվել էր նաև ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պաղեստինցու տունը։ Նեթանյահուն դեռևս հրապարակավ չի մեկնաբանել իրավիճակը։

Leave a comment