«Դուք ասում եք՝ հրդեհից չէ երեխաների մահը։ Եթե մենք հավատանք ձեր ասածին, ուրեմն տղաների մահը այլ գործողության հետևանք է, իսկ դուք չէիք կարող չիմանալ»,- այսօր Ազատի կացարանի հրդեհի գործով դատական նիստում մեղադրյալ Եղիշե Հակոբյանի սկանդալային հայտարարությանը, թե հրդեհի հետևանք չէ զինվորների մահը, այսպես արձագանքեց տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը՝ փորձելով Հակոբյանից պարզել, թե այդ դեպքում ինչից են մահացել տղաները։
«Եթե նայենք ամբողջ գործի ընթացքը, կհասկանանք, որ կրակը միանգամից չի մտել ննջարան, տարածվել է տանիքով ու հասել ննջարան, իսկ տանիքին՝ ծղոտ ու գերաններ։ Չհաշված, որ տեսել եմ՝ մի քանի անգամ, որ տանիքին վառելիք կա։ Փաստն այն է, որ տանիքից է կրակը ընկել»,- պատասխանեց Հակոբյանը՝ մանրամասնելով, որ անձամբ է տեսել շարքային զինվորների, որոնք աստիճանին կանգնած՝ վառելիք են պահեստավորել կացարանի տանիքին։
Նա նաև շեշտեց, որ ննջարանից ոչ մի ձայն չի լսվել, ու եթե երկու զինվորի ննջարանից հաջողվել է դուրս գալ առանց լուրջ վնասվածքների, առանց, ինչպես Հակոբյանն է պնդում, որևէ խազի, անհնար է՝ մյուսները չփրկվեին կամ ներսում գտնվելով՝ ձայն չհանեին։
Նորիկյանը, մեջբերելով Հակոբյանի խոսքերը, որ հրդեհը եղել է իր ծնկներից, օգտագործել է քիչ քանակությամբ բենզին, հարցրեց՝ այդ դեպքում ինչպե՞ս է կրակն այնքան տարածվել, որ ոչ միայն ինքն ու ևս երկու զինծառայող՝ Լևոնն ու Ռադիկը, չեն կարողացել մարել, այլև այն այնքան է տարածվել, որ նման կորուստների պատճառ է դարձել։
Նորիկյանը նաև հարցրեց, թե ինչպես է կացարանում 12 րոպե մնալու մասին իր ավելի վաղ հայտարարությունը այսօր դարձել 8 րոպե։ Հակոբյանն այլ պատասխան չուներ։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: