Հայաստանը մտադիր է ավելացնել Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի ծավալի հզորությունը մինչև 1050 ՄՎտ

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ծրագրի իրականացման նպատակով կնքվել են մի շարք վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր


ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց IV վարկային համաձայնագիրը» վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ԵՄ ՀՆՀ-ի II փուլ» դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրին։


Ըստ հիմնավորման, մասնավորապես՝ 120 մլն եվրո արժողությամբ համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 2026թ. մարտի 19-ին։ 


Բացի այդ, «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) ծրագրի իրականացման նպատակով կնքվել են մի շարք վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը։ 


Ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը վրացական սահմանին մոտ` Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): 


Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ օդային գծի միջոցով, հայկական կողմից՝ Դդմաշենում տեղակայվող 400/220 կՎ ենթակայանից 400 կՎ օդային գծի միջոցով: 


Արդյունքում Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը նախատեսվել է ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում հասցնել 350 ՄՎտ-ի, հետագայում, ելնելով տարածաշրջանային շուկայի պահանջարկից, հասցնել մինչև 1050 ՄՎտ-ի: 


Նոր էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցմամբ նկատելիորեն կբարելավվի ծառայության որակը, կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծվի նախապայման` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկ համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար: 


Ներկայումս Հայաստանի և Վրաստանի էներգահամակարգերը միացված են էլեկտրահաղորդման երեք գծերով՝ «Ալավերդի» (220 կՎ լարմամբ), «Աշոցք-Նինոծմինդա» (110 կՎ) և «Լալվար» (110 կՎ): «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի շրջանակում նախատեսվում է նոր բարձրավոլտ միջհամակարգային կապի ստեղծում. հայկական կողմում կկառուցվի 400 կՎ գիծ և փոխակերպիչ կայան Այրումում, որը Վրաստանի էներգահամակարգին կմիանա 500 կՎ գծով:

Leave a comment