ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն, անդրադառնալով նախօրեին նույն խմբակցության անդամ Էդգար Ղազարյանի շուրջ ծավածված միջադեպին, ասել է, որ «սրիկայաբար» բառը դատարանները վիրավորանք չեն որակի:
«Ես ինքս լինելով իրավաբան, մշտապես խոսույթի հարցում ցուցաբերում եմ չափազանց բարձր զսպվածություն։ Միաժամանակ եթե նայենք վերջին տարիներին՝ ՔՊ իշխանության ժամանակահատվածում դատարանների պրակտիկան, եթե հնչեցվոմ է այնպես, ինչպես հնչեցվել է՝ «սրիկայաբար», նշվածը դատարանները վիրավորանք չեն որակի, կորակեն ոչ հասեցական ուղղված խոսք։ Սա դատարանների մեկնաբանությունն է»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նա հավելել է, որ քննարկելու անհամեմատ ավելի լուրջ խնդիրներ ունենք:
«Արդյոք ընդհանրապես նշվածն ընդունելի է, թե ոչ. մեկնաբանման տիրույթը գտնվում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի տեսանկյունից նիստը նախագահողի տիրույթում։ Նիստը նախագահողը ինչ պետք է անի. եթե գտնում է դա վիրավորական արտահայտություն է, կարգապահական պատասխանատվության միջոց կիրառի՝ նվազագույնից խիստը, ոչ թե, օրինակ, օգտագործի բառապաշար՝ նիստերի դահլճից դուրս կշպրտենք և այլն»,-ասել է Վարդևանյանը:
ԱԺ օգոստոսի 13-ի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո իրավիճակը լարվել էր։ ՔՊ-ականների դժգոհությունը մասնավորապես առաջացրել է Ղազարյանի հնչեցված «սրիկայաբար» բառը։ Նրանք պահանջել էին, որ Էդգար Ղազարյանը ներողություն խնդրի, սակայն նա դա չի արել: Ղազարյանը հայտարարել է, որ մանդատից հրաժարվելու հարց չի քննարկվել: Նա նշել է, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր է և շարունակելու է իր գործունեությունը։