Իրականությո՞ւն, թե՞ մանիպուլյացիա. բանակում տեղի ունեցողը՝ թվերից դուրս

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում արձանագրվող մահվան դեպքերի վիճակագրությունն ու պատճառները շարունակում են մնալ հանրային ուշադրության կենտրոնում։

Օրերս Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցներում անդրադարձել է բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերի պատճառներին, դրանց նախադրյալներին և առկա խնդիրներին՝ նշելով, որ մահվան դեպքերը դասակարգվում են երկու հիմնական խմբի։ Դրանց մի մասն անմիջականորեն կապված է ծառայության հետ, իսկ մյուս մասը ծառայության հետ որևէ առնչություն չունի և պայմանավորված է անձնական կամ կենցաղային հանգամանքներով։

Թեմայի շուրջ շահարկումները պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ Պաշտպանության նախարարությունը փաստացի միակ պետական մարմինն է, որը հրապարակում է իր կառույցում արձանագրված մահվան դեպքերի վիճակագրությունը։ Այդ տվյալները որոշ շրջանակների կողմից երբեմն ներկայացվում են առանց անհրաժեշտ տարբերակման՝ փորձելով դրանք ամբողջությամբ վերագրել բանակում առկա խնդիրներին։

Ծառայության հետ չկապված դեպքերի շարքին են դասվում, օրինակ, տանը հիվանդության հետևանքով կամ հանկարծամահ լինելու դեպքերը, ինչպես նաև ծառայությունից դուրս անձնական ավտոմեքենայով երթևեկելիս տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարները։ Թեև դրանք տեղի են ունենում արտածառայողական պայմաններում, միևնույն է, ներառվում են ընդհանուր վիճակագրության մեջ, ինչը երբեմն հասարակության մոտ ստեղծում է թյուր պատկերացում։

Պաշտպանության նախարարության հավաստմամբ՝ բանակում տեղի ունեցած յուրաքանչյուր պատահար դառնում է ծառայողական քննության առարկա, իրականացվում է պատճառների մանրամասն ուսումնասիրություն, և կատարվում են համապատասխան հետևություններ՝ նման դեպքերի կրկնությունը կանխելու նպատակով։ Եթե առկա են իրավական հիմքեր, կիրառվում են նաև օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ՝ կարգապահական տույժերից և պաշտոնին անհամապատասխանության արձանագրումից մինչև ձերբակալություն կամ կալանավորում։

Միաժամանակ պետք է ընդունել, որ բանակը հասարակության անբաժանելի մասն է և արտացոլում է այն արժեքներն ու վարքագծային նորմերը, որոնք ձևավորվում են ընտանիքում և կրթական համակարգում։

Հետևաբար եթե նպատակ ունենք ունենալ առողջ միջանձնային հարաբերություններով և բարձր կարգապահությամբ բանակ, անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել երեխաների և պատանիների դաստիարակությանը, որպեսզի արատավոր երևույթները չարմատավորվեն հասարակության մեջ և հետագայում չարտահայտվեն նաև զինված ուժերում։

Leave a comment