Զինվորների մահը հրդեհի հետևանքով չէ. Ազատի կացարանի գործով Եղիշե Հակոբյանի սկանդալային հայտարարությունը

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանն այսօր դատարանում հարցաքննության ժամանակ պատմեց, թե հրդեհի բռնկումից հետո ինչ է փորձել անել: Նրա պատմելով՝ կացարանից Լևոն Խառատյանի դուրս գալուց երկու րոպե հետո ինքն էլ է դուրս եկել։ Դրսում ձայներ է լսել, իրեն թվացել է, որ անձնակազմին են օգնում, որ դուրս գան։

Նա պնդում էր, որ կացարանում մոտ 8 րոպե փորձել է  կրակը մարել ու զինվորներին ձայն տալ, որ դուրս գան:

«8 րոպե կացարանում ի՞նչ եք արել» հարցին Եղիշե Հակոբյանը հստակեցրեց՝ մոտավորապես է նշել այդ ժամանակը:

«Ներս եմ մտել զինանոց, փորձել գտնել մի բան, որ հանգցնեմ կրակը»,- պատասխանեց Հակոբյանը։

Բուշլա՞տն ինչ եղավ հարցին՝ պատասխանեց՝ ինչքան գիտի, տեղում մնացել է։

Հետո պատմեց՝ դրսում տեսել է Ռադիկ Մաթեոսյանին ու Լևոնին, Արսենին ու Վաղինակին. «Այդ պահին նկատել եմ, որ ինչ-որ մեկը գոռում էր, լուսամուտներն էր ջարդում, ինչ-որ մեկը կրակմարիչներից էր բերում։ Վերցրել եմ, ցանկացել երկրորդ անգամ ներս մտնել, չեմ կարողացել։

Տեսել եմ՝ զինվորներից մեկը երկաթե խողովակ է բերել, փորձել են ճաղավանդակները ծռել։ Առաջինը Ժիրայրին եմ նկատել, հետո Գարուշին եմ հիշում։

Ժիրայրի ուսից բռնեցինք, հանեցինք։ Հետս մոտեցել է Գարուշը, կողքով է դուրս եկել։ Ձեն ենք տվել, ոչ ոք զինվորներից այլևս մոտիկ չի եկել։

Բարձրացել եմ  ճաղավանդակի վրա, որ ներս մտնեմ։ Երևի ուսս ներս մտած է եղել։ Մի զինվոր մոտեցել է, մայկից բռնել եմ, որ քաշեմ, հանեմ։ Մայկեն ճղվել է, ձեռքումս էլ մնացել է։ Հետ եմ ընկել ճաղավանդակից»։

Հակոբյանն ասաց՝ չի հասկանում՝ եթե կարողացել է երկու զինվոր դուրս գալ ննջասենյակից, ինչպես մյուսներին չի հաջողվել. «Չգիտեմ՝ մյուսները ինչու չեն արթնացել»։

Հանրային մեղադրողի հարցին՝ ինչու սենյակ չի մտել, Հակոբյանը պատասխանեց գուցե չի ֆայմել, կրակն է  ցանկացել  հանգցնի. «Իրենք պետք է դուրս գային օգնեին, կրակը ինձ մոտ է  եղել»:

Վերջում Եղիշե Հակոբյանը պնդեց. «Մեղավոր եմ ճանաչում, որ վառարանը վառել եմ չթույլատրվող վառելանյութով, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել։ Սակայն զինվորների մահը չեմ ընդունում որպես հրդեհի հետ կապված հետևանք։ Չեմ կարող ասել, թե ինչի հետ է կապված նրանց մահը, քանի որ դա ինձ համար նույնպես գաղտնիք է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment