Տուգանվել է կաթնամթերք արտադրող 5 ընկերություն (PAN.am)

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը կաթնամթերքի շուկայում իրականացրած լայնածավալ ուսումնասիրության շրջանակում վարույթ է հարուցել 11 արտադրողի նկատմամբ։

5 ընկերություն՝ «Մոտկոր Ֆուդ», «Էջմիածին Կաթ», «Հին Ապարան+», «Ար-Տար» և «Ամասիայի Գլխավորող Պանրագործարան» ՍՊԸ-ները, ընդունել են բացահայտված խախտումները։ Նրանց նկատմամբ իրականացվել է արագացված վարույթ, ինչի արդյունքում ընդհանուր մոտ 16․5 մլն դրամի տուգանք է նշանակվել։

Լաբորատոր փորձաքննություններով պարզվել է, որ ընկերությունների մի շարք արտադրատեսակներում կաթնայուղի զանգվածային մասը կազմել է 0․9-ից մինչև 25․5 տոկոս։ Մինչդեռ համապատասխան տեխնիկական կանոնակարգով սահմանվել է, որ այդ ցուցանիշը պետք է լինի առնվազն 50 տոկոս։

Խախտումներ են հայտնաբերվել «Մոտկոր», «Ամասիա» ապրանքային նշանով «Չանախ», «Tasty Cheese», «ԱԹ-ԱՌԱՏ», «EJMIATSIN Kat» ապրանքային նշանով «Ընտանեկան» և «Հին Ապարան» անվանումներով արտադրանքներում։

Հանձնաժողովի ներկայացրած տվյալների համաձայն՝ արտադրատեսակների մի մասում կիրառվել է կաթնայուղի փոխարինիչ, սակայն այդ ապրանքները սպառողներին ներկայացվել են որպես համապատասխան տեխնոլոգիայով արտադրված կաթնամթերք։

Leave a comment