ԱՄՆ-ն պլանավորում է աննախադեպ նոր միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ. Սքոթ Բեսենթ


«Մենք պատրաստվում ենք իրականացնել տնտեսական մեկուսացման պատմության մեջ աննախադեպ միջոցառումներ»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Rob Schmitt Tonight-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ նոր միջոցառումները ներառում են Իրանի աննախադեպ տնտեսական մեկուսացումը, ինչպես նաև Հորմուզի նեղուցի շրջափակման պահպանումը, որպեսզի սահմանափակեն բեռների մատակարարումները իրանական նավահանգիստներ և դրանց արտահանումը երկրից։


Իրանի ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին էլ հայտարարել է, որ Թեհրանը վճռական է տրամադրված ապահովելու իր անվտանգությունը, և այս նպատակին հասնելու տարբերակներից մեկը Միացյալ Նահանգների հետ պատերազմը երկարաձգելն է մինչև Դոնալդ Թրամփի նախագահության ավարտը:


«Թեհրանը ցանկանում է հասնել զսպման, որը պետք է բացառի Իրանի վրա նոր հարձակումները։ Տարբերակներից մեկը հակառակորդին այնպիսի վնաս հասցնելն է, որ հետագա հարձակումները բարձր գին ունենան»,- ասել է Մոհամմադ Ռեզա Նաղդին։

Leave a comment