Խաբեությամբ ձեռք են բերել ուղեբեռներ ու վաճառել․ ոստիկանությունը հանցավոր խումբ է բացահայտել ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/․ Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության հերթական բացահայտումը հուլիսի 23-ին էր։ Ոստիկանները հանցավոր խումբն են վնասազերծել՝ Քննչական կոմիտեի գործընկերների հետ իրականացնելով անակնկալ խուզարկություն, հայտնում են ՆԳՆ-ից։
Հայտնաբերվել և առգրավվել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող ապացուցողական տեղեկություններ։
Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էին ենթադրյալ հանցավոր կազմակերպության անդամների ինքնությունն ու դերակատարումը:
«Քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանում գործող հյուրանոցներից մեկի կոմերցիոն տարածքում հատուկ համակարգչային տեխնիկայի և ծրագրակազմերի կիրառմամբ մի խումբ անձինք ուղեբեռների տեղափոխում իրականացնող արտասահմանյան տնտեսվարողների վստահությունը չարաշահելու միջոցով կատարում են առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ:
Կազմակերպության անդամները, ներկայանալով որպես ԱՄՆ-ում բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատակիցներ, ձեռք են բերել տնտեսվարողների վստահությունը և ուղեբեռները տեղափոխել այլ վայր։ Հետագայում հափշտակված ուղեբեռը վաճառվել է, իսկ ֆինանսական միջոցները փոխանցվել հանցավոր կազմակերպության անդամների հաշվեհամարներին և փոխակերպվել տարբեր կրիպտոակտիվների», – նշված է հաղորդագրության մեջ:
Առերևույթ հանցագործության մասին Քննչական կոմիտե ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները և ԱՄՆ իրավապահ մարմիններն իրականացնում են մի շարք միջոցառումներ՝ հանցավոր մեխանիզմի վերաբերյալ լրացուցիչ փաստական տվյալներ ձեռք բերելու, ՀՀ տարածքում նույնաբովանդակ հանցավոր գործունեություն իրականացնող այլ խմբերին հայտնաբերելու ուղղությամբ։
ՆԳՆ-ից հայտնում են, որ հանցավոր գործունեությունից տուժած անձանց կամ տնտեսվարողներին հայտնաբերելու նպատակով ՆԳՆ ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության անհետաձգելի միջոցառումները շարունակվում են։