«Խնդրում եմ, այսօր ինձ ոչ մի հարց չտաք»․ Էդգար Ղազարյանը չպատասխանեց լրագրողների հարցերին

«Խնդրում եմ, այսօր ինձ ոչ մի հարց չտաք»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք, խորհրդարանում Էդգար Ղազարյանի ելույթից հետո միջադեպ եղավ։ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Էդգար Ղազարյանն իր ելույթում՝ իշխանությունների մասին խոսելիս, օգտագործեց «սրիկայաբար» բառը։ Դրան արձագանքեց նիստը նախագահող Հայկ Կոնջորյանը՝ խոստանալով հաջորդ անգամ «դուրս շպրտել և չափավորել» նման խոսույթ օգտագործող պատգամավորներին։ Պատգամավորների մեծ մասը դուրս եկավ միջանցք՝ վեճը հարթելու։

Իշխանական թիմը պահանջում է, որ Էդգար Ղազարյանը ներողություն խնդրի։ «Ուժեղ Հայաստանի» խմբակցության նիստում քննարկել են Էդգար Ղազարյանի հարցը և որոշման դեռ չեն հանգել, սակայն Նարեկ Կարապետյանը կարծում է, որ բարեվարքության խախտում է եղել։

Լրագրողների տարբեր հարցերին՝ ներողություն կխնդրե՞ք, ձեր թիմը ձեզ զոհո՞ւմ է, խնդրանք եղե՞լ է՝ մանդատը վայր դնել, հնչեց միևնույն պատասխանը․ «Մեկ անգամ կհարգե՞ք իմ կարծիքը։ Խնդրում եմ, այսօր ինձ հարցեր չտալ։ Առաջիկայում կպատասխանեմ բոլոր հարցերին»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment