ՊԵԿ նախագահը՝ TRIPP-ով անցնող ադրբեջանական բեռների ստուգման մասին

«Մենք Եվրասիական տնտեսության մեջ ենք, եւ գործում է Եվրասիական տնտեսական միության մաքսային իրավական համակարգը, հետեւաբար Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվելիք TRIPP ճանապարհի վրա, ինչպես Հայաստանի ամբողջ տարածքում, գործելու են ԵԱՏՄ մաքսային իրավական համակարգերը»,-ասուլիսում նշեց  հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Front office, Back Office արտահայտությունները շատերի մոտ հարցեր են առաջացրել, դա ապագա է մաքսային ծառայության համար…Մենք շատ շուտով ունենալու ենք մոնիտորինգի կենտրոն առաջիկա կիսամյակի ընթացքում, որը միանալու է ցամաքային կետերում մեր ռենտգեն համակարգերին եւ թույլ է տալու հեռավար տարբերակով վերլուծել անցնող բեռները: Այսինքն, բեռը անցնելու է համապատասխան ռենտգենի միջով, եւ այդ համակարգը վերլուծելու է եւ ընտրելու թիրախները, թե ինչն է պետք զննել: Ժամանակի ընթացքում պատկերացրեք մի ապագա, որտեղ դրանք զննելու արդյունքում ոչինչ չի բացահայտվում, եւ այդտեղ կարիք չկա միջամտելու, բայց եթե ինչ-որ տեղ կասկածելի բան բացահայտվի, իհարկե, կարիք կա միջամտելու»,-պարզաբանեց ՊԵԿ նախագահը:

Նրա խոսքով.  «Front office, Back Office ասվածը այս տրամաբանությունն ունի. երբ դու Back Office-ային աշխատանք ես անում, ռիսկերը թիրախավորում ես, նոր հետո քո Front office-ի տեսուչը  կամ աշխատակիցը դուրս է գալու համապատասխան վայր, կատարելու է զննում կամ այլ գործառույթներ: Նույնը ռիսկերի համակարգին է վերաբերվում: Մաքսային համակարգում, գիտեք, որ գործում է ռիսկերի համակարգ, բեռները կամ մեքենաները պարզապես չեն անցնում սահմանները, այդ ռիսկերի համակարգն էլ Back Officе-ային տրամաբանության մեջ է աշխատում:

Այսինքն, եթե այդ ռիսկերի համակարգը թիրախավորեց եւ ասաց, որ, օրինակ, այստեղ կարմիր ռիսկ կա, պետք է զննում իրականացվի եւ ավելի խորը նայվի, այդ ցուցումը տալիս է, ու համապատասխան աշխատակիցը գործում է… Մի ապագա է գալու, որ մենք բոլոր տեղերում կարողանալու ենք այդ պրակտիկան կիրառել ու հնարավորինս քիչ շփվել այն մարդկանց հետ, որոնք սահմանն անցնում են եւ խելացի շփվել: TRIPP-ի դեպքում այս նույն մոտեցումն է այս պահին քննարկվում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment