Խանդանյան․ TRIPP-ի համաձայնագիրը շուտով կգա խորհրդարան, և մենք այն կվավերացնենք

TRIPP-ի համաձայնագիրը շատ մոտ աապագայում կներկայացվի խորհրդարանի վավերացմանը, հայտարարել է ՔՊ խմբակցության կողմից արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Սարգիս Խանդանյանը:

Արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի բարձրացրած մտահոգություններին՝ նա նշել է, որ նախագծի առնչությամբ Հայաստանի կառավարությունն այս ամբողջ ժամանակահատվածում բավականին թափանցիկ է գործել և մշտապես տեղեկություններ է ներկայացրել ընթացող գործընթացի մասին, հայտնում է 1lurer.am-ը:

Նրա ներկայացմամբ՝ պատգամավորի հնչեցրած բոլոր հարցերի պատասխաններն, ըստ էության, ներառված են Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրում։

«Համաձայնագիրը շատ մոտ աապագայում կգա խորհրդարան, և մենք այն կվավերացնենք, որից հետո գործընթացը կմտնի իրավական ուժի մեջ: Կարծեմ սեպտեմբերին ՍԴ-ում է քննարկվելու»,- տեղեկացրել է Խանդանյանը:

Խանդանյանը նաև հայտնել է, որ TRIPP-ը միայն երկաթուղային ենթակառուցվածքով չի սահմանափակվում․ այն ներառում է նաև ճանապարհ և այլ տեսակի ենթակառուցվածքներ։ Դրանց նկատմամբ Հայաստանը պահպանելու է իր ինքնիշխանությունն ու իրավազորությունը, իսկ ներկայում իրականացվում են տեխնիկական և իրագործելիության ուսումնասիրություններ։

Խանդանյանը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ում հիմնադրամ է ստեղծվել, որտեղ նախագծի իրականացման նպատակով ներդրումներ են կուտակվում։

«Լիահույս եմ, որ մոտ ապագայում մենք արդեն կտեսնենք շինարարական աշխատանքներ, որոնք կլինեն շատ կարևոր»,- նշել է նա:

Անդրադառնալով Գալստյանի հարցին, թե նախագիծն անվտանգության համար սպառնալի՞ք է, թե երաշխիք, Խանդանյանը պատասխանել է, որ այն միանշանակ անվտանգության երաշխիք է։

Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առթիվ: Նշվում է, որ համատեղ հռչակագիրը, Միացյալ Նահանգների աջակցությամբ, Հայաստանի և Ադրբեջանի համար ապահովել է հստակ ճանապարհային քարտեզ՝ խաղաղությունն ամրապնդելու, բարգավաճման հասնելու և գործընկերությունը խորացնելու համար։ Այս համարձակ առաջնորդների հանդիպումից ի վեր մեկ տարվա ընթացքում երկրները շարունակական հաջողության համար հիմքեր են ստեղծել։

Leave a comment