Կառավարությունը հաստատել է Պետական առողջապահական գործակալության լուծարման նախագիծը: Առողջապահության նախարարությունն առաջարկել է կառույցի գործառույթները փոխանցել Առողջության ապահովման պետական հիմնադրամին։
Նախագիծը պայմանավորված է եղել առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմամբ։ Կառավարությունը 2025 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ ստեղծել է Առողջության ապահովման պետական հիմնադրամը, որը պետք է իրականացնի նաև առողջապահության ֆինանսական կառավարման, ինչպես նաև պետական պատվերի շրջանակում քաղաքացիների բուժօգնության կազմակերպման գործառույթները, գրում է Sputnik Արմենիան:
Նոր հիմնադրամի ձևավորումից հետո կառավարությունը ոչ անհրաժեշտ է համարել Առողջապահության նախարարության կազմում գործող ՊԱԳ-ի հետագա գործունեությունը։
Գործադիրը նշել է, որ ՊԱԳ-ի համար 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումն առայժմ չի կրճատվի։ Նախարարությունը պարզաբանել է, որ դեռևս նախատեսվում են ծախսեր, այդ թվում՝ կարճաժամկետ ռեզերվում գտնվող աշխատակիցների վարձատրության և վերջնահաշվարկների նպատակով։ Այդ ծախսերի վերջնական չափը դեռ չի հստակեցվել։
Բացի այդ, նախատեսվում է Առողջապահության նախարարությանը հատկացնել 5 նոր հաստիք։ Դրանց աշխատավարձերի և դրան հավասարեցված վճարների տարեկան ծախսը կազմելու է 25․1 մլն դրամ։