ԼՂ-ից տեղահանված 7743 ընտանիք բնակարանային հավաստագիր է ստացել (PAN.am)

Օգոստոսի 13-ի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված 7743 ընտանիքի տրամադրվել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը՝ հերքելով ծրագրի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունները։

Նա նշել է, որ նրանցից 7147 ընտանիքի հավաստագիր է տրամադրվել բնակարան ձեռք բերելու, 297 ընտանիքի՝ կառուցապատման, իսկ ևս 299 ընտանիքի՝ գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչով։

Միևնույն ժամանակ, տրամադրված հավաստագրերն արդեն իրացրել է 4146 ընտանիք՝ ընդհանուր 19,098 անձ։

Մասնավորապես, 3853 ընտանիք իրացրել է բնակարանի ձեռքբերման հավաստագիրը, 62-ը՝ կառուցապատման, իսկ 231 ընտանիք՝ գործող հիփոթեքի մարման աջակցության համար նախատեսված հավաստագիրը։

Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ձեռքբերման և կառուցապատման բաղադրիչներով իրացված հավաստագրերի քանակով առաջին տեղում Կոտայքի մարզն է՝ 1081 հավաստագրով։ Հաջորդել են Արմավիրի մարզը՝ 667, Արարատի մարզը՝ 531, Երևանը՝ 450 և Լոռու մարզը՝ 368 հավաստագրով։

Նա լրատվամիջոցներին հորդորել է ծրագրին վերաբերող հրապարակումներ պատրաստելիս առաջնորդվել թվային տվյալներով և փաստական հիմքերով։

«Հրապարակը» գրել էր, որ բնակարանների բարձր գների պատճառով խնդիրներ են առաջացել ծրագրով տրամադրված հավաստագրերի իրացման գործում:

Leave a comment