Ում են արտահանձնում օտարերկրյա քաղաքացիներին. ինչի մասին էր խոսում Մատվիենկոն. «Հրապարակ»

Օրերս Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել էր, որ հաճախակիացել են Հայաստանում երրորդ երկրների խնդրանքով ՌԴ քաղաքացիների ձերբակալության եւ արտահանձնման դեպքերը, եւ զգուշացրել, որ, ի պատասխան այս ոչ բարեկամական պահվածքի, Ռուսաստանը կարող է հորդորել իր քաղաքացիներին` չայցելել Հայաստան։ Այս մասին նա ասել էր ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Մենք գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով տվյալներ տրամադրել ՌԴ քաղաքացիների արտահանձնումների վերաբերյալ, ինչին ի պատասխան, դատախազությունից հայտնել էին, որ առանձին երկրների մասով վիճակագրություն չի վարվում, բայց մեզ տրամադրել են ընդհանրական տվյալներ՝ նախորդ տարիների վերաբերյալ։

Ըստ այդմ՝ Գլխավոր դատախազությունը 2025 թվականին օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացել է քրեական հետապնդման նպատակով անձանց հանձնման մասին 82 միջնորդություն, որից բավարարվել է 26-ը, մերժվել՝ 7-ը, վերադարձվել՝ 6-ը, 8 միջնորդություն ուղարկվել է արդարադատության նախարարություն, 35 միջնորդություն գտնվում է քննարկման փուլում:

Դատախազությունից հրաժարվեցին առավել մանրամասն տվյալներ փոխանցել, թե որ երկրներից են ստացվել միջնորդությունները, արտահանձնման պահանջները որ երկրների քաղաքացիներին են վերաբերում եւ այլն: Այդ տվյալներից միայն հասկանալի կդառնար, թե որքանով են արդարացված ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոյի դժգոհությունները: 2025 թվականին բավարարված, այսինքն` արտերկրի իրավապահներին արտահանձնված 26 միջնորդությունից թե քանիսն է վերաբերել ՌԴ քաղաքացիներին, մեզ չասացին:

Արմինե ՆԱՎՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment