Մոտ 1․2 մլրդ դրամի թմրամիջոցների գործով 3 անձ է կալանավորվել է (PAN.am)

Հայաստանում բնակվող օտարազգի քաղաքացիներն օժանդակել են առանձնապես խոշոր չափերով՝ 25․5 կգ ափիոն և 3 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոցները մաքսանենգ ճանապարհով ապօրինի ՀՀ տեղափոխելուն, հայտնում է Քննչական կոմիտեն։

Մասնավորապես, նշված թմրամիջոցները ձեռք բերելուց հետո օտարազգի քաղաքացիներից մեկը փորձել է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով Գերմանիա ուղարկել երկու, իսկ Մեծ Բրիտանիա՝ մեկ փաթեթ։ Դրանցում ընդհանուր 13․8 կգ քաշով ափիոն տեսակի թմրամիջոց պարունակող էլեկտրական ռելեներ են եղել, սակայն անձը ձերբակալվել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից։

Ձերբակալված Մ.Ք.-ն ՀՀ ՊԵԿ աշխատակիցների ուղեկցությամբ մեկնել է իր բնակության վայր և ներկայացրել ընդհանուր 8677 գրամ քաշով ափիոնի, 2680 գրամ քաշով մարիխուանայի փաթեթներ, ինչպես նաև ենթադրյալ թմրամիջոց պարունակող մեկ չհրկիզվող պահարան, որոնք քրեական վարույթի շրջանակում առգրավվել են։ Նույն պահին ձերբակալվել են նաև հանցավոր խմբի մյուս անդամները՝ օտարազգի քաղաքացիներ Ռ.Շ.-ն և Մ.Ա.-ն, որոնք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։

Օտարազգի քաղաքացիների բնակության հասցեում իրականացված խուզարկությամբ, ինչպես նաև չհրկիզվող պահարանի զննության արդյունքում հայտնաբերվել և վերցվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ։

Այսպիսով, նախնական կշռման արդյունքներով առգրավվել է ընդհանուր 25․5 կգ ափիոն և 3 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Դրանց շուկայական արժեքը կազմել է մոտ 1 մլրդ 193 մլն 445 հազար ՀՀ դրամ։

Ձերբակալվածներից Ռ.Շ.-ի և Մ.Ք.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու, ինչպես նաև 44-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ թմրամիջոցների մաքսանենգության փորձի համար։

Մ.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու, 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակելու, և 44-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ թմրամիջոցների մաքսանենգության փորձի համար։

Նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

«Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են մեծածավալ ապացուցողական և վարութային գործողություններ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները ՀՀ-ում ձեռք բերող այլ անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում․ հանցագործության համար մեղադրվող անձն անմեղ է համարվում, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a comment