Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներում


Պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հերթական շրջայցն է կատարել կոմիտեի համակարգմամբ իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներ։ Այս մասին տեղեկացնում են Քաղաքաշինության կոմիտեից:


Արագածոտնի մարզում նա դիտարկել է Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի կառուցման ծրագրի ընթացքը, շինարարի հետ քննարկել շինհրապարակում աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Իրականացվում են նկուղային հարկի բետոնացման, ջրամեկուսացման աշխատանքներ։


Հաջորդ կանգառը Ծաղկահովիտի առողջության կենտրոնի շինհրապարակում էր, որտեղ կատարվում են արտաքին բարեկարգման, շենքի երեսապատման աշխատանքներ։


Շրջայցը շարունակվել է Քուչակի միջնակարգ դպրոցում։ Կոմիտեի համակարգմամբ իրականացվում է դպրոցի նորոգման ծրագիր։ Արդեն ավարտված է ներքին հարդարումը, գույքի տեղադրումից առաջ ընթանում են մաքրման աշխատանքներ։ Իրականացվում են նաև բարեկարգման, մարզադաշտի, մարզահրապարակի և մարզադահլիճի նախապատրաստման աշխատանքներ։


Կոմիտեի նախագահն ուսումնասիրել է նաև Մելիքգյուղի միջնակարգ դպրոցի նորոգման ծրագրի ընթացքը։ Այստեղ ավարտվում են ներքին հարդարման աշխատանքները, տեղադրվում է որոշ դասասենյակների և մարզադահլիճի վինիլային հատակը, իրականացվում են արտաքին բարեկարգման, շենքի երեսապատման աշխատանքներ։


Հաջորդիվ կոմիտեի նախագահը եղել է Երևանի Սմբատ Բյուրատի անվան N 125 հիմնական դպրոցում, որի նորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։ Եղիազար Վարդանյանը կապալառուին հանձնարարել է ավելացնել աշխատուժը՝ ծրագիրը ուսումնական նոր տարվան ընդառաջ ավարտին հասցնելու համար։


Կոմիտեի նախագահը բոլոր ծրագրերի կապալառուների հետ քննարկել է շինարարության ընթացքի վերաբերյալ հարցեր, կատարել դիտարկումներ և տվել հանձնարարականներ։

Դիտումների քանակ7

Leave a comment