Ռուսաստանը Հայաստանին ժողովրդավարություն է սովորեցնում՝ սեփական ընտրողին ընտրելու իրավունք չտալով
Հայաստանին ընտրությունների անցկացման, ժողովրդավարական գործընթացների, ընտրական օրինականության ու «ժողովրդի իրական կամքի» մասին դասեր տվող Ռուսաստանում սեպտեմբերին պատրաստվում են անցկացնել Պետդումայի ընտրություններ։ Եվ այդ ընտրություններից ընդամենը շաբաթներ առաջ Ռուսաստանի Գերագույն դատարանը ընտրապայքարից դուրս հանեց «Յաբլոկո» կուսակցությանը, որը բացահայտ դեմ է հանդես գալիս Ուկրաինայի դեմ պատերազմին։ Որոշումը կայացվել է պրոկրեմլյան «Ռոդինա» կուսակցության հայցով։
Երկու-երեք ամիս առաջ, Մոսկվայում նստած պաշտոնյաներն ու պետական քարոզչամեքենան՝ Հայաստանին բացատրում էին, թե ինչպես պետք է անցկացվեն «ճիշտ» ընտրություններ։ Ինչպես պետք է հարգել ընտրողի կամքը։ Ինչպես պետք է ապահովել քաղաքական մրցակցությունը։ Ինչպես պետք է չխախտել ժողովրդավարական սկզբունքները։ Ավելին՝ այսօր էլ Ռուսաստանից հնչում են հայտարարություններ, թե իբր Հայաստանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններով չի ապահովել ժողովրդավարական չափանիշները։
Իսկ հիմա այդ հայտարարությունների կողքին դնենք Ռուսաստանի ընտրությունը։ Այստեղ արդեն «ժողովրդավարության դասախոսը» հայտնվում է շատ անհարմար վիճակում։
Հայաստանին ասում են՝ թողեք ընտրողն ընտրի այլ երկրի շահերը սպասարկող քաղաքական ուժի, իսկ Ռուսաստանում՝ ընտրողին ասում են ում կարելի է միայն ընտրել։ Հայաստանին ասում են՝ ապահովեք քաղաքական մրցակցություն։ Իսկ իրենք ընտրություններից առաջ ընտրապայքարից հանում են հակապատերազմական կուսակցությանը։
Հայաստանին ասում են՝ հարգեք ժողովրդի իրական կամքը։ Իսկ իրենց երկրում այդ «իրական կամքի» արտահայտման հնարավորությունը քվերակությունցի առաջ սահմանափակում են։ Սա է ամբողջ ռուսական «ժողովրդավարության» պարադոքսը։
Ռուսաստանը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարող է երկար հայտարարություններ անել, ընտրական գործընթացների մասին գնահատականներ տալ, նույնիսկ չճանաչել դրանց արդյունքները։ Բայց երբ սեփական քաղաքացին պետք է ընտրի, Մոսկվայի համար ժողովրդավարության ամենակարևոր սկզբունքը հանկարծ դառնում է ոչ թե ընտրողի ազատությունը, այլ իշխանության քաղաքական անվտանգության ապահովումը։
Եվ այստեղ ամենաուշագրավը նույնիսկ «Յաբլոկո»-ի քաղաքական կշիռը չէ։ Այդ կուսակցությունը նույնսիկ իշխող «Միացյալ Ռուսաստանի» համար իրական քաղաքական սպառնալիք չէր։ Բայց Պուտինի համար նույնիսկ թույլ ընդդիմությունն է չափազանց շատ։ Սա է այսպես ասած ռուսական ժողովրդավարությունը, որը Կրեմլը փորձում է փաթաթել հարևան երկրների վզին։
Հայաստանի ընտրություններում խնդիրներ կարող են լինել։ Դրանց վերաբերյալ դիտարկումներ կարող են ունենալ և՛ միջազգային կառույցները, և՛ տեղական դիտորդները, և՛ ընդդիմությունը։ Իրական ժողովրդավարության ուժն էլ հենց այն է, որ քննադատությունը հնարավոր է։
Բայց Կրեմլի քարոզչությունն իրականացնող խեղկատակները Հայաստանին դասեր տալուց առաջ լավ կանեն առաջին հերթին նայեն սեփական երկրում տիրող իրավիճակին և տեսնեն սեփական երկրի ընտրական համակարգի թշվառությունը։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։