2026 թվականի առաջին կիսամյակում մարդանման ռոբոտների համաշխարհային մատակարարումների ավելի քան 97%-ն ապահովել են չինական արտադրողները։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ոլորտի նոր տվյալները
2026 թվականի առաջին կիսամյակում մարդանման ռոբոտների համաշխարհային մատակարարումների ավելի քան 97%-ն ապահովել են չինական արտադրողները։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ոլորտի նոր տվյալները։
Smart Analytics Global-ի տվյալներով՝ տարվա առաջին վեց ամիսներին մարդանման ռոբոտների համաշխարհային մատակարարումների ծավալը կազմել է մոտ 19 100 միավոր՝ ավելի քան երեք անգամ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5100 միավորը։ Կալիֆոռնիայում գործող հետազոտական ընկերությունն ակնկալում է, որ այս տարի մատակարարումների ծավալը կհասնի մոտ 60 հազարի, իսկ 2030 թվականին՝ կես միլիոնի։
Շուկայի առաջատարն է դարձել Շանհայում գործող Agibot-ը, որը առաջ է անցել Հանչժոուում գործող Unitree Robotics-ից։ Agibot-ը վեց ամսում մատակարարել է 8400 ռոբոտ՝ ապահովելով համաշխարհային մատակարարումների 44%-ը, մինչդեռ Unitree-ի ցուցանիշը կազմել է 5900 միավոր։
Չինական ընկերությունների այս ցուցանիշները զգալիորեն գերազանցում են ամերիկյան առաջատար արտադրողների, այդ թվում՝ Tesla Inc.-ի, Figure AI Inc.-ի և Agility Robotics Inc.-ի մատակարարումների ծավալները։ Bloomberg-ի գնահատմամբ՝ սա վկայում է Չինաստանում մարդանման ռոբոտների ոլորտի արագ զարգացման մասին։
Հուլիսի վերջին ԱՄՆ-ն արգելեց նոր չինական մարդանման և չորքոտանի ռոբոտների, ինչպես նաև դրանց համար նախատեսված որոշ բաղադրիչների ներմուծումը՝ պատճառաբանելով ազգային անվտանգության և արհեստական բանականության ոլորտում կարևոր ենթակառուցվածքների կիբերանվտանգության հետ կապված ռիսկերը։
Միևնույն ժամանակ, Չինաստանի իշխանությունների քաղաքական աջակցությունն ու ֆինանսավորումը նպաստում են մարդանման ռոբոտների ավելի ակտիվ ներդրմանը։ Bloomberg-ը նշում է, որ թեև առևտրային գործունեության մեջ ներգրավված նման ռոբոտների թիվը դեռևս փոքր է, ոլորտը շարունակում է արագ զարգանալ։
SAG-ի հիմնադիր և գլխավոր գիտաշխատող Լինդա Սուիի խոսքով՝ արդյունաբերական և առևտրային կիրառություններին բաժին է ընկել մատակարարումների ավելի քան 70%-ը՝ նախորդ տարվա մոտ 50%-ի համեմատ։ Նրա խոսքով՝ կարգավորման ոլորտում անորոշությունը և աշխարհաքաղաքական ռիսկերը կարող են ազդել ոլորտի աճի հաջորդ փուլի վրա։