Կոստանյանն ԱՄՆ վերլուծական կենտրոններին է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ, ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային առաջնահերթությունները:

Նա անդրադարձ է կատարել ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև ներկայացրել է տարածաշրջանային և միջազգային զարգացումների առնչությամբ Հայաստանի դիրքորոշումները։

Մասնակիցներին ներկայացվել են նաև տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու նպատակով իրականացվող ջանքերը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված Խաղաղության գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված երկկողմ և եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքին, այդ թվում՝ տարածաշրջանային փոխկապակցվածության ու տնտեսական համագործակցության զարգացման նպատակով իրականացվող աշխատանքներին։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում քննարկման առարկա է դարձել մասնակիցներին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ։

Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առթիվ: Նշվում է, որ համատեղ հռչակագիրը, Միացյալ Նահանգների աջակցությամբ, Հայաստանի և Ադրբեջանի համար ապահովել է հստակ ճանապարհային քարտեզ՝ խաղաղությունն ամրապնդելու, բարգավաճման հասնելու և գործընկերությունը խորացնելու համար։ Այս համարձակ առաջնորդների հանդիպումից ի վեր մեկ տարվա ընթացքում երկրները շարունակական հաջողության համար հիմքեր են ստեղծել։

Leave a comment