Լիբանան-Իսրայել բանակցություններում առաջընթաց կա. Աուն


Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը ուկրաինական շուրջ 400 ԱԹՍ խոցելու մասին: Թիրախում են եղել Մոսկվայի, Կալուգայի, Լիպեցկի, Ռոստովի և այլ մարզեր, ինչպես նաև Ղրիմը: Վորոնեժի մարզում մեկ մարդ է զոհվել, կան վիրավորներ: ԶԼՄ-ների տվյալով՝ հրդեհվել է Wildberries ընկերության պահեստներից մեկը, տարհանում է հայտարարվել: Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարան է հարձակման ենթարկվել, որոշ օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է։


 


Ռուսական ուժերն էլ հարվածել են Ուկրաինային. Կիևում կան ավերածություններ և տուժածներ, Զապորոժիեում վեց մարդ է զոհվել, 19-ը՝ վիրավորվել։ Զոհեր կան Օդեսայում:


 


Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ իրավիճակը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի ընթացքում առաջին անգամ Ռուսաստանը չի կարողանում կռվել առանց Հյուսիսային Կորեայից մատակարարումների։ Նա նշել է, որ խորքային հարված են հասցրել Սիբիրում նավթավերամշակման օբյեկտի և շարունակելու են հեռահար հարվածները: Զելենսկին նաև տեղեկացրել է, որ զրուցել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ, հավելել՝ առաջիկայում ԱԹՍ-ների ոլորտում նոր քայլեր կձեռնարկվեն:


 


ՉԵՂԱՐԿՎԵԼ Է «ՅԱԲԼՈԿՈՅԻ» ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ


 


Ռուսաստանի Գերագույն դատարանը որոշել է չեղարկել Պետդումայի ընտրությունների համար միակ հակապատերազմական կուսակցության՝ «Յաբլոկո»-ի գրանցումը: Արտասահմանում ռուսական ընդդիմության աջակցությունը վայելող կուսակցությանը ընտրություններից հանելու հայցով դատարան էր դիմել կրեմլամետ «Ռոդինա» կուսակցությունը: Դատարանը բավարարել է հայցը:


 


Դատախազը նշել է, որ հայցադիմումը բավարարելու հիմք են հանդիսացել կուսակցության կողմից մտավոր սեփականության մասին օրենսդրության խախտումները, անօրինական ընտրարշավը և ծայրահեղականության աջակցությունը:


 


«Յաբլոկո»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ կբողոքարկեն որոշումը:


 


ԹՐԱՄՓԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԵԼ ԻՐԱՆԻՑ


 


Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Թեհրանի հետ բանակցությունները, հայտարարել՝ Իրանը պետք է պատասխանատվություն կրի Լիբանանում, Սիրիայում, Եմենում և Գազայում պատճառված վնասների ու մարդկային կորուստների համար։


 


ԱՄՆ նախագահը նաև փոխհատուցում է պահանջել Իրանից։ «Նրանք փոխհատուցում են պահանջում վերջին հինգ ամսվա ռազմական գործողությունների ընթացքում կրած վնասի համար, սակայն այդ հարցը բանակցություններում չի քննարկվել: Ես էլ իմ հերթին եմ փոխհատուցում պահանջում բազմաթիվ հակամարտություններում իրանցիների պատճառած վնասների, զոհված ցուցարարների համար», – ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը: Թրամփը կրկնել է՝ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, իսկ եթե գործարք չկնքվի՝ հզոր հարված կհասցնեն:


 


Թեհրանից հայտարարել են, որ Վաշինգտոնի գործողությունները չեն կարող ստիպել Իսլամական Հանրապետությանը խոնարհվել: Իրանի ԱԳՆ Խոսնակ Էսմայիլ Բաղաեին նշել է, որ պատժամիջոցների քաղաքականությունը և դիվանագիտությունն արհամարհելը որևէ օգուտ չեն բերի ամերիկյան կողմին:


 


Պահպանվում է նաև հութիներ-Էր Ռիադ լարվածությունը: Տեղեկություններ կան, որ Եմենի Անսար-Ալլահ շարժումը շարունակում է հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային՝ հաջակցություն Իրանին: Բաբ էլ Մանդեբի նեղուցում սաուդական առևտրային նավ է թիրախավորվել, հաղորդվում է զոհերի մասին: Լուրեր են շրջանառվում, որ հութիները թիրախավորել են նաև Եմենի կառավարական ուժերին:


 


ԼԻԲԱՆԱՆ-ԻՍՐԱՅԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿԱ. ԱՈՒՆ


 


Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններում առաջընթացի մասին: «Դա ավելի լավ է, քան պատերազմը։ Շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո Լիբանանում իսրայելական հարձակումների մասշտաբները նվազել են»,- ասել է Ժոզեֆ Աունը: Նա շեշտել է՝ թույլ չեն տա, որ Իսրայելը մնա լիբանանյան հողում:


 


The Times of Israel-ն էլ, վկայակոչելով իր աղբյուրները, գրել է, որ Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը նախատեսված է սեպտեմբերի սկզբին: Աղբյուրը նշել է, որ անցած շաբաթ ավարտված հերթական փուլն «այնքան էլ հարթ չի անցել», քանի որ Բեյրութը պահանջում է, որ ՑԱՀԱԼ-ը դուրս գա երկրի հարավից, մինչդեռ Իսրայելը պնդում է՝ նախ անհրաժեշտ է վերջնականապես համոզվել, որ «Հըզբոլլահը» զինաթափվել է:


 


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՔԱԿ-Ի ԿԱԶՄԱԼՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ


 


Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել օրինագիծն, որն իրավական հիմք է ստեղծում Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման և դրա անդամներին՝ խաղաղ կյանքի վերադառնալու համար:


 


Օրինագիծը նախատեսում է իրավաբանական պաշտպանություն՝ միության նախկին անդամների համար, որոնք ծանր հանցագործություններ չեն կատարել, իսկ դատապարտված մի խումբ անդամների համար պարզեցվում է բանտային ժամկետների կասեցման ընթացակարգը:


 


Համաներումը չի տարածվի կանխամտածված սպանության համար դատապարտվածների, ինչպես նաև մինչև 2005 թվականը ցմահ ազատազրկվածների, այդ թվում՝ կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի վրա:


 


ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՏՈՒՄ Է 220-Ը


 


Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժի զոհերի թիվը հատում է 220-ը։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաք Բոգոտայում, որը գտնվում է էպիկենտրոնից հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա։


 


900-ից ավելի մարդ տուժել է, կան անհետ կորածներ: Առավել ծանր է իրավիճակը Պերեյրայում և մոտակա շրջաններում: Վնասվել են հարյուրավոր բնակելի կառույցներ, առողջապահական, կրթական հաստատություններ, ճանապարհներ և օդանավակայաններ։


 


Իշխանությունները ազգային մասշտաբի արտակարգ դրություն են հայտարարել։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Պանամայում։


 


Հեղինակ՝ Դիանա Գասպարյան

Leave a comment