Այս ատոմակայանը նախկինում նմանատիպ խնդրի էր բախվել մեկ տարի առաջ, երբ 4 ռեակտոր ավտոմատ կերպով անջատվել էր մեդուզաների ներխուժման պատճառով
Ֆրանսիական EDF էներգետիկ ընկերությունը ստիպված է եղել կանգնեցնել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող «Գրավլին» ատոմակայանի 3 ռեակտորի աշխատանքը՝ կայանի ֆիլտրման համակարգերում մեդուզաների զանգվածային հոսքի պատճառով. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ընկերությանը հղումով։
«Օգոստոսի 10-ին ատոմակայանն ակտիվացրել է անհրաժեշտ անվտանգության միջոցառումները՝ մեդուզաների զանգվածային հոսքի պատճառով», – նշվում է հայտարարության մեջ։
Երեք էներգաբլոկներ ավտոմատ կերպով անջատվել են, իսկ չորրորդի հզորությունը նվազել է։ Կայանն ունի 6 ռեակտոր, որոնցից հինգերորդը նախկինում փակվել էր պլանային տեխսպասարկման համար, մինչդեռ վեցերորդը շարունակում է աշխատել։
Այս ատոմակայանը նախկինում նմանատիպ խնդրի էր բախվել մեկ տարի առաջ, երբ 4 ռեակտոր ավտոմատ կերպով անջատվել էր մեդուզաների ներխուժման պատճառով։
Ինչպես նշել է BFMTV-ն, օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումը և չափից շատ ձկնորսությունը նպաստում են ափամերձ շրջաններում մեդուզաների ամառային բազմացմանը։
Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի ատոմակայաններում էլեկտրաէներգիայի արտադրության ռեկորդային կրճատումների ֆոնին՝ շոգի և երաշտի պատճառով։