ԵԱՏՄ կազմում Հայաստանի մնալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցը կեղծ օրակարգ է, հայտարարել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Բազմիցս է նշվել, որ չի կարող լինել հանրաքվե մի հարցի շուրջ, որը պարզապես գոյություն չունի։ Դա ՀՀ-ում չի քննարկվել և դրա շուրջ գործողություններ չեն կատարվել՝ խոսքը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մասին է։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին մեր անդամակցությանը, միջկառավարական խորհրդի նիստին ՀՀ-ն մասնակցեց և ներկայացրեց մեր դիրքորոշումը»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Խանդանյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է լինել Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ և ունի դրանից բխող իրավունքներ։
«Չենք պատրաստվում այս հարցի շուրջ առճակատման փուլ մտնել։ Եթե ի վերջո ՀՀ-ն կայացնի որոշում, որ պետք է դիմի ԵՄ-ին անդամակցելու համար, պետք լինի անցկացնել հանրաքվե, այդ ժամանակ երկուսում անդամակցությունն անհնարին կդառնա, և Հայաստանը իր կամքով մեկից դուրս կգա»,-ասել է նա:
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանը մինչև այս տարվա դեկտեմբեր պետք է որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու մասով:
«Ակնհայտ է, որ եթե մինչև այդ պահը հանրաքվե անցկացնելու կոչը չլսվի, առաջնորդներն այդ փաստը հաշվի կառնեն համապատասխան հետագա համատեղ քայլերը որոշելիս»,- նշել է նա։